Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

Մինչ պարգևատրման արարողությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին Սպորտի միջազգային օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այն մարզիկներին, որոնք ջանք չեն խնայել Հայաստանի Հանրապետությունը տարբեր մրցահրթակներում պատշաճ ներկայացնելու համար:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մրցույթի 11 անվանակարգերում հաղթող ճանաչվածները պարգևատրվել են 6,250.000 դրամով և հուշանվերով:

Սպորտի միջազգային օրվա առիթով «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, հայոց պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: