ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը քաղաքացիական ներգրավվածության համար» աշխատաժողովին, որի նախաձեռնողներն են «Ապագա առաջնորդների փոխանակման» (FLEX’25) ծրագրի շրջանավարտ Շանթ Սարադյանը և UGRAD’24, SWT’23 ծրագրերի մասնակից Նարե Աբրահամյանը:

Աշխատաժողովի նպատակն է զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը, խնդիրների լուծման հմտությունները և տեխնոլոգիական գրագիտությունը՝ ի նպաստ համայնքային զարգացման։ Աշխատաժողովին մասնակցում են 16-20 տարեկան 20 աշակերտ և ուսանող ՀՀ տարբեր համայնքներից։ Այն ենթադրում է թիմային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները կվերհանեն համայնքային խնդիրներ և կմշակեն լուծումներ՝ կիրառելով ԱԲ գործիքներ։

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է հայ դպրոցականների համար այլ երկրում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում FLEX ծրագրի շրջանակում կրթություն ստանալու հնարավորությունը՝ որպես հաջողությունների հասնելու նախապայման և այլ երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն:

Միջազգային ծրագրերի կարևորությունն Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նաև այլ երկրներում պահանջված հետաքրքիր գաղափարների, առկա մարտահրավերների վերհանման առումով: Այս համատեքստում նա շեշտել է արհեստական բանականության առկայությունը հասարակական կյանքում՝ սկսած դպրոցից. «Արեստական բանականությունն այսօր ամենուր է մեր կյանքում: Այն մի կողմից մեզ հնարավորություն է տալիս խնայել ժամանակ որոշակի գործողություններ կատարելիս, բայց մյուս կողմից այն շատ ռիսկային և վտանգավոր կարող է լինել հատկապես դպրոցականների համար՝ օրինակ՝ դասերը պատրաստելու ընթացքում այն կիրառելիս»: Արաքսիա Սվաջյանը հասարակության զարգացման և պետության հզորացման տեսանկյունից առանձնակի կարևորել է քաղաքացիական կրթությունը՝ նշելով, որ այն մեր երկրի կրթական համակարգի առանցքային թիրախներից է: «Այս աշխատաժողովը կարևոր է՝ արհեստական բանականության հնարավորությունները ի նպաստ քաղաքացիական կրթության զարգացմանը ծառայեցնելու, առկա խնդիրներն արձանագրելու տեսանկյունից»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:

Աշխատաժողովին ներկա են եղել նաև ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից (UNDP) և միջազգային այլ կառույցներից: Աշխատաժողովն իրականացվել է Ամերիկյան խորհուրդների և ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ։