Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը: Այս միջոցառմամբ դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ:

Դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն կստանան ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք նաև հրատարակվում են:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչներն աջակցություն են ստանում արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:

2026 թվականին դրամաշնորհ է տրվում հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) Ստեղծագործական աշխատանքներ

բ) Հետազոտական աշխատանքներ

գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն)

դ ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)

Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը նախարարությունը չի դիտարկել։

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն էին հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն էին գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն էին թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն էին թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանվող լեզվի մասսայականությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր հիսունութ հայտ, որից դրական գնահատականի է արժանացել տասնինը: Այդ հայտերին ավելանում է նաև չինարենից հայերեն հինգ գրքի թարգմանության նախագիծ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական և կարևոր ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Պեկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի:

«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն է ստանում ներկայացված 54 հայտերից 25 գիրք: Չինարենից հայերեն թարգմանությունների դեպքում նախատեսված է մինչտպագրական և տպագրական աշխատանքների ամբողջ գումարը:

Ներկայացնում ենք «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման շրջանակում 2026 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը: