Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Պատմական մեծ արժեք ներկայացնող այս բացառիկ նմուշն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը՝ դառնալով թանգարանի մշտական հավաքածուի կարևոր համալրում։ Ցուցանմուշը ձեռք է բերվել Լոնդոնի «Սեմ Ֆոգ» ցուցասրահից՝ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային արժեքների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման պետական ծրագրի շրջանակում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է, որը վկայում է պետության հետևողական քաղաքականության մասին։ Նախարարը նաև ընդգծել է, որ նախորդ տարի պետությունը մշակութային արժեքների ձեռքբերման և թանգարանային հավաքածուների համալրման նպատակով հատկացրել է ավելի քան 332 միլիոն դրամ. չորս տարբեր թանգարաններ համալրվել են 11 արժեքներով։ Մոտ օրերս հանրությանը կներկայացվի նաև Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը, որը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նա հիշեցրել է նաև, որ նախորդ տարվա ձեռքբերումների շարքում է Մատենադարանի համար գնված կարևոր ձեռագրերից մեկը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջին տարիներին իրականացվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ մշակութային արժեքների նկատմամբ հոգածությունն ու դրանց հայրենադարձումը լայն արձագանք են գտնում։ Նա նշել է, որ այս դռան ձեռքբերումը ևս նման համագործակցության արդյունք է դրա վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել են ոլորտի մասնագետներ Համլետ Պետրոսյանն ու Հարություն Խաչատրյանը, ինչին պետությունն արագ արձագանքել է՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը։ Սա, Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ, թանգարանների հավաքածուների որակական արժեքի բարձրացման գործընթաց է:

Նախարարը նաև ընդգծել է, որ այս ձեռքբերմամբ Հայաստանի պատմության թանգարանը դառնում է նմանատիպ փայտյա դռների արժեքավոր հավաքածու ունեցող կենտրոններից մեկը։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև ցուցանմուշի երկրորդ փեղկի վրա, որը ներկայում գտնվում է Բեյրութում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դռան երկու փեղկերի համատեղ ցուցադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ մշակութային արժեքների հանդիպման հանգրվան:

Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման համար Մշակույթի զարգացման հիմնադրամին պետական բյուջեի պահուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ գումար է հատկացվել։ Այս ձեռքբերումը կարևոր քայլ է ազգային մշակութային ժառանգության վերադարձի և պահպանման ուղղությամբ։

Բացառիկ արժեք ներկայացնող միջնադարյան քրիստոնեական արվեստի այս կոթողը փորագրված է արևելյան ընկուզենու փայտից և վերագրվում է Բագրատունյաց շրջանի՝ 1188 թվականի փայտագրության ավանդույթին։ Ցուցանմուշի պատկերագրությունը միավորում է աստվածաշնչյան և արքունական թեմաները։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է Դանիելը՝ առյուծների մեջ, իսկ ստորին հատվածներում ներկայացված են տարբեր գազանամարտերի տեսարաններ, որոնք համեմատելի են Դանիելի տեսիլքի խորհրդաբանության հետ (Դան. 7:1–7, 7:23–27)։

Հորինվածքի կենտրոնական մասն ընդգծում է խաչի «թևավոր» տիպը՝ ծաղկային ծիլերով և պտղաբեր խորհրդով, որը համապատասխանում է հայկական եկեղեցական արվեստում կյանքի ծառի գաղափարին։ Արվեստագիտական և փորձագիտական համայնքը հաստատում է ցուցանմուշի բացառիկ արժեքն ու նշանակությունը հայկական միջնադարյան մշակույթի ուսումնասիրության համար։

Ցուցադրությունը լայն հանրության համար կբացվի ապրիլի 3-ին Հայաստանի պատմության թանգարանում և հասանելի կլինի այցելուներին՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու հայկական միջնադարյան արվեստի եզակի նմուշներից մեկը և ծանոթանալու նրա պատմամշակութային նշանակությանը։