ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88 ամյակին նվիրված համերգին:

Միջոցառումն անցկացվել է Ճարտարապետների միությունում. նվագախումբը ներկայացրել է հատուկ համերգային ծրագիր՝ նվիրված կոմպոզիտոր, թավջութակահար և լեգենդար կոլեկտիվի հիմնադիր Արտեմի Այվազյանի հիշատակին ու հայկական ջազի ակունքներին։ Համերգի գլխավոր հյուրն էր ճանաչված թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։

Արտյոմ Մանուկյանի և Դավիթ Մելքոնյանի կատարմամբ հնչել են Այվազյանի՝ ժամանակակից ջազային մշակումներով տարբեր գործեր, այդ թվում՝ «Ալագյոզ Աչերդ», «Բարկարոլա», «Հայկական ռապսոդիա», ինչպես նաև նվագախմբի էքսկլյուզիվ երկացանկից ընտրված ստեղծագործություններ. գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը ՀՀ ամենահեղինակավոր երաժշտախմբերից մեկն է, որը պահպանում և տարածում է ջազային արվեստը՝ ներկայացնելով նաև բազմաթիվ նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ: