«Նաիրի» կինոթատրոնը վերադառնում է որպես վերաիմաստավորված մշակութային տարածք՝ պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը, համալրվելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։
Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանը։
Ասուլիսի ընթացքում ներկայացվել են կինոթատրոնի նոր ձևաչափը, տեխնիկական վերազինումը, զարգացման ռազմավարությունն ու գործունեությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է մասնավոր հատվածի ջանքերի շնորհիվ «Նաիրի» կինոթատրոնի մշակութային գործունեության վերասկսումը՝ հատկապես պետության համար այնպիսի ռազմավարական ուղղությամբ, ինչպիսին կինոն է։ Նրա գնահատմամբ՝ կինարտադրության զարգացումը պետական քաղաքականություն հիմնական ուղղություններից է և միտված է կինոթատրոնների վերաբացմանը և նորերի ստեղծմանը։
«Այսօր, ցավոք, քիչ կինոթատրոններ ունենք։ Նոր կինոթատրոնի բացումը, ինչպես նաև մարզերում կինոթատրոնների ստեղծման կամ վերակառուցման մեր ծրագրերն արդեն ընթացքի մեջ են։ Այն վայրերում, որտեղ հնարավոր է գոյություն ունեցող կառույցները տեխնիկապես համալրել էկրանով և համապատասխան այլ սարքավորումներով, աշխատում ենք ֆիլմերի ցուցադրություն ապահովել»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Դանիել Դանիելյանը հիշեցրել է՝ վերջերս Կառավարության որոշմամբ «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարումը տասնամյակների ընդմիջումից հետո վերապահվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ներկայում մշակվում է ներդրումային մեծ փաթեթ, որը ներառում է ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ:
Կինոյի ոլորտում մյուս կարևոր ձեռքբերումը, Դանիել Դանիելյանի խոսքով, «Ոսկե ծիրան» փառատոնի ընդգրկումն է աշխարհի լավագույն 50 փառատոնների ցանկում։
«Այն ընտրվել է շուրջ 5000 փառատոներից, և այդ փաստը մեզ ավելի է պարտավորեցնում զարգացնել թե՛ փառատոնը, թե՛, ընդհանրապես, կինոյի ոլորտը Հայաստանում։ Կինոարտադրության ոլորտում ներդրվել և արդեն գործում է նաև ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմ․ շուրջ 100 միլիոն դրամ վերադարձվել է ֆիլմարտադրողներին, որոնք ներդրումներ են կատարել կինոյի ոլորտում։ Արդեն ավարտված են 4 ֆիլմերը, ևս 6-ը գտնվում են քննարկման փուլում»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ ֆիլմերի ցուցադրությունը կինոյի զարգացման շղթայի կարևոր օղակներից է։
Դանիել Դանիելյանի խոսքով՝ առկա է դահլիճների պակաս, որը կարևոր խնդիր է հանդիսատեսի հետ կապի ամրապնդման տեսանկյունից։
«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանի խոսքով՝ կինոթատրոնի նոր շենքը ոչնչով չի զիջում միջազգային կինոթատրոններին. «Մենք վերակենդանացրել ենք կառույցը և ուզում ենք, որ այն ապրի նոր կյանքով՝ ժամանակին համընթաց»:
Նա նշել է, որ կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով՝ առկա են էրգանոմիկ նստատեղեր, նոր ակուստիկ համակարգ, լազերային պրոյեկտոր, արծաթապատ էկրան և այլն:
Ասուլիսից հետո նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԶԼՄ ներկայացուցիչները շրջել են վերաբացված կինոթատրոնի շենքում, ծանոթացել նորացված պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը:
Նշենք, որ «Նաիրի» կինոթատրոնի շենքը («Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա 50) ընդգրկված է հուշարձանների պետական ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան: