Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում՝ Պուշկին 60 հասցեում, ներկա են գտնվել ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակի բացման հանդիսավոր արարողությանը։

Կառավարության որոշմամբ` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչվել է Հովհաննես Չեքիջյանի անունով։ Անվանակոչման նպատակն է արժևորել Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Նախքան անվանատախտակի բացումը կայացել է մաեստրո Չեքիջյանի փորձը երգչախմբի հետ, որին հետևել են երկրի ղեկավարը, նախարար ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «Այն արժեքը, որը Դուք ստեղծել եք, վերջին հարյուրամյակի մեր ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից է»,- ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով մաեստրոյին և երգչախմբին գործունեության համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։

1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։ Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ: Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը: