ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «MindX» միջազգային կրթական համաժողովի շրջանակում մասնակցել է «Միջոլորտային համագործակցությունը կրթության վերափոխման նպատակով» խորագրով պանելային քննարկմանը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է գիտության և տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ներդրմանը կրթության համակարգում՝ նշելով, որ ԱԲ-ն մի կողմից նոր մարտահրավեր է, սակայն մյուս կողմից՝ այն նպաստում է դպրոցների՝ նորարարական հանգույցների վերափոխմանը: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ այն արդեն դարձել է կրթական գործընթացի անբաժանելի մասը․ «Կարևոր է ոչ միայն տեխնոլոգիաների ներդրումը, այլև դրանց արդյունավետ կիրառումը՝ աշակերտների ստեղծագործական և քննադատական մտածողությունը զարգացնելու նպատակով»:
Նա նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում առաջատար ընկերությունների հետ՝ դպրոցականների համար արհեստական բանականության կրթական գործիքակազմեր ապահովելու ուղղությամբ։ Մինչև 2026 թվականի ավարտը Հայաստանի բոլոր դպրոցները կհամալրվեն ԲՏՃՄ լաբորատորիաներով, կապահովվեն կայուն ինտերնետ կապով։ Նրա գնահատմամբ՝ այսօր ամենակարևոր խնդիրը ոչ միայն «ինչ սովորեցնելն է», այլև «ինչպես սովորեցնելը», որը դարձել է ժամանակակից կրթության առանցքային մարտահրավերը։
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև Փարիզում Կրթության համաշխարհային կոալիցիայի աշխատաժողովին՝ նշելով, որ այնտեղ ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցը, ըստ որի՝ աշխարհում շուրջ 275 միլիոն երեխա դուրս է մնում կրթությունից, ինչը լուրջ մարտահրավեր է բազմաթիվ երկրների համար։
«Շատ խնդիրներ, որոնք աշխարհի մի շարք երկրներում լուրջ մարտահրավեր են, մեզ մոտ ունեն համակարգային լուծումներ։ Մենք ունենք կրթության որակի, ուսուցիչների մասնագիտական զարգացման հետ կապված խնդիրներ, որոնց ուղղությամբ մեծ ծավալի և բազմակողմ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը համահունչ է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ հատկապես մատչելի, ներառական և որակյալ կրթության ապահովման ուղղությամբ։ Այս շրջանակում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, որոնց արդյունքում արդեն նկատվում է որոշակի առաջընթաց նաև միջազգային մակարդակում, ինչն արձանագրվել է նաև վերոնշյալ զեկույցում:
Նա նաև նշել է, որ կրթության զարգացումը պահանջում է համատեղ աշխատանք միջազգային կազմակերպությունների, հասարակական հատվածի և մասնավոր ոլորտի հետ։ Միջոլորտային համագործակցությունը, նրա խոսքով, առանցքային դեր ունի կրթության որակի բարելավման գործում։
Պանելային քննարկման մոդերատորն էր «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ Բանախոսների թվում էին «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Արամ Հովհաննիսյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ/UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
«MindX 2026»-ը միջազգային երկօրյա համաժողով է, որը կազմակերպվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» և «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպությունների կողմից՝ կրթությունը որպես առաջնորդության և նորարարության շարժիչ ուժ վերաիմաստավորելու նպատակով։