Թատրոնի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն:
Նա երեխաների հետ ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» մանկական գրատան նախաձեռնած «Սերմիկը» գրքի ինտերակտիվ ընթերցանությանը և ստեղծագործական աշխատարանին։
Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվել է հեքիաթի թատերայնացված ընթերցանությունը, այնուհետև տեղի է ունեցել «Սերմիկը» գրքի քննարկումը: Երեխաները նաև էկո բաժակներում տնկել են սերմեր և սովորել խնամել բույսերը, հոգ տանել դրանց մասին: Ծրագիրը նպատակ ունի խթանել ընթերցանության հանդեպ երեխաների հետաքրքրությունը, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունը, ձևավորել հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել ներկայացումից ստացած տպավորություններով, խոսել ընթերցանության կարևորության մասին՝ նրանց հորդորելով անդադար կարդալ, սիրել գիրքն ու գրականությունը:
Անդրադառնալով դպրոցական տարբեր տարիքի երեխաների շրջանում ընթերցանության դերին՝ Դանիել Դանիելյանը կարևորել է մոտիվացիա ձևավորելու արդյունավետ մեթոդները. կրթամշակութային ծրագրերը, թատերականացված ներկայացումները, վիզուալ նյութերը, արվեստի տարբեր ճյուղերն առավել գրավիչ են դարձնում գիրքն ու ընթերցանությունը։ «Երևանում և ՀՀ մարզերում թատերական կյանքը հարուստ է բազմաթիվ ներկայացումներով և միջոցառումներով բոլոր տարիքային խմբերի և նախասիրությունների անձանց համար»,- ասել է նա:
Թատրոնի միջազգային օրվա և Թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, հանդիսատեսի համար շրջայցեր թատրոնում և այլ միջոցառումներ: «Թատերական շաբաթ» ծրագիրը կտևի մինչև մարտի 29-ը: