Մարտի 27-ը Թատրոնի համաշխարհային օրն է: Տոնի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է «Մաչանենց տուն», որտեղ ներկա է եղել Մտքի թանգարան-թատրոնի բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ, թատրոնի սիրահարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ թատրոնը ոչ միայն մշակույթի, այլև հասարակության զարգացման հիմնաքարն է, և ՀՀ Կառավարության վարած ապակենտրոնացման քաղաքականության շնորհիվ մշակութային կյանքը վերջին շրջանում ավելի է աշխուժացել թե՛ մարզերում, թե՛ Երևանում: Նա ընդգծել է՝ այս օրը մարզում թատրոն-թանգարանի բացումը լավագույն նվերն է տոնի առթիվ:
«Թատրոնի բացումը մշտապես սպասված իրադարձություն է մեր մշակութային կյանքում, իսկ թատրոն-թանգարանը, որը նոր ձևաչափ է ոլորտում, որպես թանգարանային արվեստի ու թատրոնի համադրություն՝ հնարավորություն է տալիս հանդիսատեսին ծանոթանալու մշակութային ժառանգությանն ու հետևելու թատերական ներկայացմանը»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա կարևոր է համարել թատրոնում տնտեսական բաղադրիչը, որը մշակութային հաստատությանը տանում է դեպի ինքնաբավության:
Ներկաներին ողջունել է նաև «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության և Մաչանենց բերդաքաղաքի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը: «Ես շուրջ 40 տարի երազել եմ այս թատրոնը բացելու մասին: Թանգարանում ցուցադրվող յուրաքանչյուր նմուշ ճանապարհ է դեպի արմատներ: Ներկայացված են ոչ միայն հայ, այլև համաշխարհային մտքի արդյունքներ՝ որպես միջմշակութային երկխոսության ձևաչափ»,- նշել է Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը՝ հայտնելով, որ ցուցանմուշները հնագույն ժամանակների պատմություն ունեն:
Հյուրերը շրջել են նորաբաց թատրոն-թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այնուհետև թատրոնի դահլիճում դիտել «Անբան Հուռին» ներկայացումը: