Այսօր պաշտոնապես ներկայացվել է Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի տարբերանշանը:
Խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը, իսկ խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց ի վեր Հայաստանը մշտապես ակտիվ դեր է ունեցել և հավատարիմ է մնացել ֆրանկոֆոնիայի հիմնական արժեքներին, բազմազանությանը, համերաշխությանը և համագործակցությանը։ Այս համատեքստում թերևս անհրաժեշտ է հիշատակել 2018 թվականին Երևանում կայացած ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը նշանակալի փուլ էր մեր երկրի ներգրավվածության խորացման տեսանկյունից»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի խաղերը լավագույնս մարմնավորում են համաշխարհային տարածությունը՝ միավորելով երիտասարդներին աշխարհի հինգ մայրցամաքներից և սպորտի ու մշակույթի միջոցով ստեղծելով, երկխոսության, փոխըմբռնման և համերաշխության եզակի հարթակ: Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերը լինելու են հոբելյանական 10-րդը։ Նա հատկանշական է համարել նաև, որ խաղերի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվելու է մի երկրում, որտեղ ֆրանսերենը պաշտոնական լեզու չէ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ֆրանկոֆոնիայի բաց և ներառական բնույթը։
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է խաղերի տարբերանշանի խորհուրդը․ ներկայացված տարբերանշանը մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է: Այն հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս հիմքերը վերաիմաստավորում են ժամանակակից արվեստի ազդեցությունը՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի: Տարբերանշանն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը՝ որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ Ֆրանկոֆոն խաղերի անցկացումը նոր հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի դիրքավորման, այնպես էլ մեր երկրում մարզական և մշակութային կյանքի ակտիվացման առումով: Խաղերը կանցկացվեն 10 մշակութային և 10 սպորտային անվանակարգերում: Մշակութային անվանակարգերը կընդգրկեն թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով:
«Վստահ եմ՝ այս անվանակարգերի ցանկը հնարավորություն կտա ստեղծագործող մարդկանց Հայաստանից և տարբեր երկրներից լավագույնս դրսևորվելու և ներկայացնելու իրենց: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում մշակութային անվանակարգերից մի քանիսը նախատեսում ենք անցկացնել Երևանից դուրս, մասնավորապես՝ Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Հայաստանը ներկայացնող պատվիրակները կընտրվեն բաց մրցույթի միջոցով. հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր:
Սպորտային անվանակարգերն են՝ աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս։
Ըստ նախարարի՝ նախատեսվում է հյուրընկալել մի քանի տասնյակ երկրների շուրջ 4000 մասնակիցների: «Հաշվի առնելով վերջին տարիներին մեծամաշտաբ տարբեր մրցաշարեր և միջոցառումներ անցկացնելու մեր երկրի փորձառությունը՝ պատրաստ ենք այս աշխատանքը ևս պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպել: Խաղերի անցկացումը դիտում ենք մեր երկրում ֆրանկոֆոն միջավայրի բարելավման և ընդլայնման ուղղությամբ կարևոր աշխատանք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ կազմակերպվելու են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ՝ ներգրավելով ֆրանկոֆոն կամավորների, ինչը թույլ կտա ոչ միայն պատշաճ կազմակերպել և սպասարկել ֆրանկոֆոնիայի խաղերը, այլև խթանել մեզանում մարդկային կապիտալի և լեզվական կարողությունների զարգացումը:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի խաղերին հայաստանյան կողմի պատրաստվածությունը՝ ըստ պատշաճի խաղերն անցկացնելու առումով:
«Հայաստանի նպատակը հստակ է՝ ֆրանկոֆոնիայի խաղերը դարձնել տոն, ինչպես նաև ֆրանսերենի և մշակութային բազմազանության արժևորման հարթակ,- ասել է նա և հավելել,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար ֆրանկոֆոնիայի խաղերն ունեն առանձնահատուկ նշանակություն և մարմնավորում են ավելին, քան պարզապես մարզական և մշակութային մրցումները։ Դրանք առանցքային են ֆրանկոֆոն երիտասարդության ինքնարտահայտման համար, որին ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս»։
Ասուլիսի շրջանակում ներկայացվել է տեսանյութ՝ ֆրանկոֆոն խաղերի, ինչպես նաև միջազգային միջոցառումներ կազմակերպելու Հայաստանի փորձի ցուցադրմամբ: