ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ծրագրերի բաժնի տնօրեն Մարկո Կավալկանտեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ միջազգային գործընկերների գնահատականները փաստում են, որ Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման փորձը հաջողված է և կարող դիտարկվել օրինակելի մոդել այլ երկրների համար։

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է, որ ՀՀ մարզերի կրտսեր դասարաններում սովորող ավելի քան 100 հազար երեխաներ օգտվում են դպրոցական սննդից, իսկ առաջիկայում ծրագիրը հասանելի կլինի նաև Երևանի դպրոցականներին: Ծրագիրը նաև նպաստում է աշակերտների մոտ ճիշտ սննդակարգի վարքականոնի ձևավորմանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր ձեռքբերում է ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը, «Դպրոցական սնունդ» ծրագրում գյուղատնտեսական բաղադրիչի ընդգրկումը, որը հնարավորություն է տալիս ծրագրի իրագործմանը զուգահեռ հանդես գալ որպես փորձի փոխանակման հարթակ այլ երկրների համար։

ՊՀԾ ծրագրերի բաժնի տնօրեն Մարկո Կավալկանտեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը և ներդրումները վերոնշյալ ծրագրում՝ այն դիտարկելով որպես հաջողված օրինակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կենտրոն հանդես գալու ներուժը: Ընդգծվել է՝ Հայաստանն անդամակցում է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, իսկ ԱՊՀ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի օրակարգային կարևոր հարցերից մեկը դպրոցական սննդի կազմակերպումն է։ Նշվել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին և պատրաստ է փորձը կիսել ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ՝ հանդես գալով որպես տարածաշրջանային կենտրոն։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցության խորացումը՝ մասնավորապես կարողությունների զարգացման և կրթական բաղադրիչի ուժեղացման տեսանկյունից:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը: Քննարկվել են ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք այլ հարցեր։