Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթի հաղթող և խրախուսման ներկայացված մասնակից դպրոցների պարգևատրման արարողությունը:
Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Մրցույթին մասնակցել է շուրջ 500 դպրոց, հաղթող է ճանաչվել 10 դպրոց, խրախուսվել են նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող 2 հաստատություններ:
Պարգևները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով, Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում տպագրված պատկերագրքով ու գեղարվեստական գրքերով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթներին ակտիվ մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:
«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած այսպիսի մրցույթների նպատակն է առանձնահատուկ տեսանելի դարձնել նախ Մայրենիի օրը, ինչպես նաև խթանել ու խրախուսել, որ մեր սովորողներն ավելի շատ ճանաչեն ազգային մշակույթը, սովորեն կարևոր իրադարձությունների մասին՝ որպես յուրօրինակ կրթական գործընթաց»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին՝ ակտիվ մասնակցության և ներկայացված հետաքրքիր տեսանյութերի համար։
Նրա խոսքով՝ դպրոցների ներկայացրած տեսանյութերն ընդգծել են Մայրենի լեզվի օրվա խորհուրդը, մայրենի լեզուների բազմազանությունը և տարբերությունները, որոնք հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը։
Շնորհակալական խոսքով են հանդես եկել նաև աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հատկապես կարևորել են մրցույթի շրջանակում ավանդականը նորովի ներկայացնելու, իրենց ստեղծագործական ներուժն ի ցույց դնելու հնարավորության և այդկերպ՝ սովորողներին ոգևորելու համար:
Միջոցառման մասնակից աշակերտները հանդես են եկել կատարումներով՝ ներկայացնելով ազգային երգի, երաժշտության ստեղծագործություններ, իսկ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները ներկաներին սովորեցրել են ժեստերի լեզվով բարևել և շնորհակալություն հայտնել:
Օրվա շրջանակում Ազգային պատկերասրահում աշակերտների համար կազմակերպվել է շրջայց բոլոր ցուցասրահներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս ծանոթացել է ցուցադրություններին:
Հայաստանի ազգային պատկերասրահում նախարարը և դպրոցականները ծանոթացել են նաև Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսին, (VR) գործիքների միջոցով հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում՝ կատարելով վիրտուալ շրջայց։