Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

Խոշորացված բոլոր համայնքներում նախատեսվում է ունենալ տիպային մարզակառույցներ, որոնք անպայման պետք է ապահովված լինեն լողավազանով, ֆիթնես սրահով։ Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ. նպատակն է՝ նպաստել զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։

Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով ԿԳՄՍՆ կողմից շինարարական աշխատանքների, տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության գնումների իրականացում (հեղինակային հսկողությունը կիրականացվի նախագծողի կողմից), ինչի արդյունքում Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կկառուցվեն սպորտային համալիրներ։ Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի ՀՀ սեփականության իրավունքը։ Համագործակցությունն իրականացվում է «Հիլլզ» բրենդի ներքո մասնագիտացված ծառայություն իրականացնող ընկերության հետ:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր մարզաձևերով մասսայական սպորտով զբաղվողների թվի աճին, առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու մատչելիությանը, առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը։