«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին:

2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տարիներ շարունակ փաստացի չէր գործում։

Վերջին տարիներին կինոոլորտում արձանագրվող ակտիվ զարգացումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման միտումները ստեղծել են ռազմավարական նոր հնարավորություններ, և անհրաժեշտություն է առաջացել «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի պետական քաղաքականությունն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար:

Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ մշակվել է կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որն ընդգրկում է նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագիրը։ «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:

Ֆիլմարտադրությունը ներկայում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային արժեքների տարածման միջոց, այլև տնտեսական զարգացման և ազգային բրենդի ձևավորման կարևոր գործիք։ Այն ունի բազմաշերտ ազդեցություն՝ ուղղակի և անուղղակի կերպով նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, շինարարության և տարածքային զարգացման, լոգիստիկայի, սպասարկման ոլորտի, մարքեթինգի և կոնտենտային բիզնեսի։

Վերջին տարիներին պետության վարած քաղաքականության շնորհիվ կինոհամայնքի հետ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ օրենսդրական և համակարգային բարեփոխումներ. 2023-2025 թթ. ընդունվել է 7 իրավական ակտ: Ներկայում շրջանառվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի», «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծերը: Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412 – Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են:

Միաժամանակ, ընդլայնվել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների և կազմակերպությունների թիվը: 2025թ. ծրագրի շահառու է դարձել 11 արվեստագետ և 8 կազմակերպություն, որոնք մասնակցել են 22 հեղինակավոր հարթակի և արժանացել մրցանակների նրանց հատկացվել է 122 մլն 980 հազար դրամ խրախուսում: 2024–2025 թթ պետական աջակցություն ստացած 31 ֆիլմեր մասնակցել են 207 միջազգային կինոփառատոնի և արժանացել 105 մրցանակի (միայն 2025 թվականին 15 հայկական ֆիլմ մասնակցել է 58 փառատոնի՝ ստացել 15 մրցանակ)։

ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։