ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզի և Երևանի կառուցվող և վերակառուցվող մարզադպրոցներ։

Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Առաջին կանգառը Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղն էր, որտեղ պետության ֆինանսավորմամբ ընթանում է նոր մարզադպրոցի շինարարությունը։ Նախարարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, ծանոթացել և հետաքրքրվել իրականացվող աշխատանքների տեմպերով: Նշվել է՝ Մյասնիկյանում առաջին անգամ է մարզադպրոց կառուցվում, և այն որպես սպորտային ենթակառուցվածք կծառայի նաև դպրոցին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է մարզադպրոցում դասավանդվող մարզաձևերի հստակեցման հարցը՝ ընդգծելով համապատասխան մասնագետների ներգրավման կարևորությունը։

Նախարարի հաջորդ կանգառը Փարաքար համայնքն էր, որտեղ ևս կառուցվում է նոր մարզադպրոց։ Շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով։ Փարաքարի նոր մարզադպրոցի ընդհանուր մակերեսը մոտ 3000 քմ է, այն նախատեսված է մի քանի մարզաձևերի համար՝ բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ և սեղանի թենիս։ Շենքը երկհարկանի է՝ կիսանկուղային և վերգետնյա մեկ հարկով, և կառուցվում է գործող մարզադպրոցի հարևանությամբ, որն այսօր ունի ավելի քան 130 սան։ Արձանագրվել է, որ նոր մարզադպրոցի կառուցումն արդեն իսկ նպաստել է համայնքում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ստեղծվող ժամանակակից պայմանները կնպաստեն երեխաների ավելի լայն ներգրավվածությանը և մարզական ձեռքբերումների աճին։

Նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը այցելել են նաև Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ շարունակվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքները։ Կառուցվել է երկու մասնաշենք, ինչպես նաև հեծանվուղի՝ 220 մետր պարագծով և 2 մետր լայնությամբ։ Ներկայում ավարտված են հիմնական շինարարական աշխատանքները, իրականացվել են ներքին հարդարման, ինչպես նաև միջսենյակային պատերի կառուցման աշխատանքները, ձևավորվել են հանդերձարանները, լոգարանները և վարչական տարածքները։

Մարզադպրոցների վերակառուցման և բարեկարգման ծրագիրն իրականացվում է պետական հատկացումներով․ նախատեսվում է մարզադպրոցը շահագործման հանձնել արդեն այս տարի։ «Մարզադպրոցի այս շինարարությունը ցույց է տալիս, որ մենք իսկապես համակարգային մոտեցում ենք ցուցաբերում նաև մարզադպրոցների սպորտային ենթակառուցվածքների բարելավման հարցում։ Սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը և մեր երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը Կառավարության առաջնահերթություններից են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ծրագիրը ներառում է նաև 1727 քմ տարածքի բարեկարգում. գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մասնաշենքի մակերեսը կազմում է 1424 քմ․ նորակառույց համալիրն ունի մարզադահլիճ՝ 250 նստատեղով, հանդերձարաններ, սանհանգույցներ, ճաշարան, պարի հարթակ, վարչական և օժանդակ տարածքներ։ Նախատեսված է նաև բազմաֆունկցիոնալ հարթակ, որը կարող է ծառայել որպես գեղարվեստական մարմնամարզության թանգարան, իսկ մրցումների ժամանակ՝ որպես դիտահարթակ հյուրերի համար։

Հեծանվային մարզադպրոցի երկհարկանի մասնաշենքի մակերեսը կազմում է 1280 քմ։ Առաջին հարկում նախատեսված են 70-90 մարզիկների համար նախատեսված 9 խմբասենյակ՝ անմիջական ելքերով դեպի հեծանվուղի, ինչպես նաև հանդերձարաններ, սանհանգույցներ, ֆիզիկական պատրաստության դահլիճ և վարչական սենյակներ։ Երկրորդ հարկում կգործի հեծանվասպորտի թանգարան:

Այցի ընթացքում նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ իրականացումն ու սահմանված ժամկետների պահպանումը։