Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։

Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Ազդարարելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»։

Այս տարվա միջոցառումները միավորվում են խորհրդանշական խորագրի շուրջ՝ «Հայաստան - Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։ Այս ուղերձը, ըստ նախարարի, լիովին արտացոլում է այն արժեքները, որոնք միավորում են ֆրանկոֆոն համայնքը և որոնց հավատարիմ է նաև Հայաստանը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ֆրանսերենը միայն լեզու չէ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության և համերաշխության տարածք է։

«Մեր երկիրը շարունակաբար զարգացնում է կրթական, մշակութային և գիտական համագործակցությունը ֆրանկոֆոն գործընկերների հետ՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը, երիտասարդության կրթությանը, մշակութային փոխանակումների ընդլայնմանը և գիտության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ելույթում ընդգծել է նախարարը։

Նա փաստել է՝ այս տարի ընդլայնվել է ֆրանկոֆոն միջոցառումների և՛ ծավալը, և՛ աշխարհագրությունը կազմակերպվում են աննախադեպ մեծ քանակի՝ ավելի քան 1150 միջոցառումներ Երևանում և բոլոր մարզերում: Երկամսյակը հագեցած է լինելու բազմաբնույթ նախաձեռնություններով՝ համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն մշակույթի ավելի լայն ճանաչմանը Հայաստանում և նոր կապերի ստեղծմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ միջոցառումների մեկնարկը նշվում է երաժշտությամբ «Այսօրվա համերգը՝ «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգային ծրագիրը, ներկայացվում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ։ Երաժշտությունը, ինչպես և լեզուն, ունի մարդկանց միավորելու բացառիկ ուժ։ Այն համամարդկային լեզվով միավորում է մարդկանց և ստեղծում մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։ Վստահ եմ, որ այս երկամսյակը կդառնա նոր գաղափարների, ստեղծարար համագործակցության և բարեկամության ամրապնդման հարթակ։ Թող այն ևս մեկ անգամ ընդգծի, որ լեզուն, մշակույթը և արվեստը կարող են դառնալ խաղաղության և համերաշխության ամուր հիմք»,- եզրափակել է խոսքը նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, գործընկեր կառույցներին և արվեստագետներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։

Ելույթներով հանդես են եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը։

Համերգի ընթացքում հնչել են ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան, մենակատարներ՝

Թերեզա Ոսկանյան. երգեհոն

Գալինա Ցոլակյան. սոպրանո (միջազգային մրցույթների դափնեկիր)։

Ծրագիր՝ 1. Կլոդ Բալբաստեր.Կոնցերտ երգեհոնի համար, ռե մաժոր (1-ին, 3-րդ, 4-րդ մասեր) 2. Ժան Բատտիստ Լյուլլի. Նախերգանք և Սուիտ «Թեզեուս» օպերայից 3. Ժան Բատտիստ Լյուլլի. «Պասսակալիա» 4. Ժան Ֆիլիպ Ռամո. Պրոլոգ «Զաիս» բալետից 5. Ժան Ֆիլիպ Ռամո. «Զորոաստր» (նախերգանք) 6. Դանիել Ֆրանսուա Էսպրի Օբեր. «Բուրբոնեզի կոմսուհու կուպլետները»: