Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի 2025 թվականի միջոցառումների եզրափակիչ գալա համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 2025 թվականի ծրագրին մասնակցել են շուրջ 200 սաներ Երևանից և մարզերից․ երաժշտական և արվեստի դպրոցների սաներից բաղկացած երաժշտական համույթները հանդես են եկել համերգային կատարումներով՝ ներկայացնելով հայ և համաշխարհային դասական, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործություններ՝ փողային, լարային, վոկալ, ազգային նվագարանների և այլ համույթների կատարմամբ։

Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ծրագրի մասնակից սաներին, մանկավարժներին, տնօրեններին, ծնողներին, որոնց շնորհիվ այս նախաձեռնությունը վերածվել է տոնի:

«Ոգևորված եմ, որ տարիներ ի վեր դժվարությամբ առաջ գնացող ծրագրերն այսօր դառնում են մեր առօրյայի մի մասը: Մեր ցանկությունն է, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը բացառիկ չլինի, այլ դառնա մեր մշակութային կյանքի մի մասը, և մշտապես հնարավորություն ունենանք ունկնդրել և վայելել երեխաների կատարողական արվեստը: Ծրագրի հիմքում դրված է կարողությունների զարգացման կարևոր բաղադրիչը, բայց այստեղ նաև խորքային այլ ազդակներ կան. այն մարդկային հանդիպումների ծրագիր է, յուրօրինակ մի հարթակ, որտեղ երևում է թիմային աշխատանք: Կարևոր է ընդգծել նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում իրականացվում են փոխայցելություններ, երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտներն ու մանկավարժական աշխատողները հանդես են գալիս համատեղ ծրագրերով, ելույթներով, կազմակերպվում են վարպետության դասընթացներ, իրականացվում են ճանաչողական այցեր: Ծրագիրը կարևոր դերակատարություն է ստանձնել մշակութային կրթության ոլորտի տարածքային համաչափ զարգացման, մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին համակարգված մեթոդական աջակցության ցուցաբերման, ինչպես նաև ոլորտում ավանդույթների պահպանության և շարունակական զարգացման գործընթացներում»,- նշել է նախարարի տեղակալը և բարի երթ մաղթել երեխաներին:

«Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագիրը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է 2019 թվականից: Գործունեության 6 տարիների ընթացքում ձևավորել է համագործակցության և ստեղծագործական համատեղ աշխատանքի արդյունավետ հարթակ Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների միջև։

Ծրագիրն ընդգրկված էր ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր։ Այս ընթացքում ծրագրի շահառու են դարձել հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցներ և շուրջ 4000 սովորողներ և մանկավարժներ։

«Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի եզրափակիչ գալա համերգի գլխավոր աջակիցը Երևանի քաղաքապետարանն է։