ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ««Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ սպորտի ոլորտում կոնվենցիան Կառավարության վարած հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
Նախաձեռնության նպատակն է սահմանել որակական նոր չափանիշներ սպորտի ոլորտում՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն, ինչպես նաև արդար և ազնիվ խաղի կանոնների ամրապնդում։ Միաժամանակ, այն միտված է միջազգային չափորոշիչներին և ստանդարտներին համապատասխան մրցաշարերի կազմակերպման համար ինստիտուցիոնալ նոր հիմքերի ստեղծմանը։
«Կոնվենցիան ընձեռում է լայն հնարավորություններ անդամ պետությունների մարզական կազմակերպություններին, խաղադրույքների օպերատորներին, մրցումների կազմակերպիչներին և այլ շահառուներին՝ խրախուսելով սահմանել համապատասխան ընթացակարգեր և կանոններ՝ մարզական մրցումների մեքենայությունների դեմ արդյունավետ պայքարելու տեսանկյունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա դիտարկմամբ՝ սա նշանակում է՝ կոնվենցիայի վավերացումից հետո անհրաժեշտ է վերանայել նաև ներպետական օրենսդրությունը՝ գնահատելու, թե որքանով են կոնվենցիայի դրույթներից բխող ընթացակարգերն արտացոլված գործող իրավակարգավորումներում. «Հատկապես կարևոր է, որ կոնվենցիան նախատեսում է շահերի բախման կանխարգելման նոր մեխանիզմներ՝ արգելելով մրցումներում ներգրավված անձանց՝ կատարել խաղադրույքներ կամ չարաշահել ներքին տեղեկատվությունը։ Միաժամանակ, սահմանվում են մշտադիտարկման, կասկածելի գործունեության դեպքում համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացման և այլ կարևոր ընթացակարգեր»։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կոնվենցիան նաև նախատեսում է վերահսկողության հանձնաժողովի ձևավորում, որը կհետևի դրա իրականացման ընթացքին անդամ պետություններում. պետությունները ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, ինչը նպաստում է ինչպես վերահսկողությանը, այնպես էլ երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային սպորտային հարթակներում։
«Հատկապես կարևորում եմ, որ կոնվենցիայի վավերացումը տեղի է ունենում այն փուլում, երբ Կառավարությունը հետևողականորեն ավելացնում է սպորտի ոլորտին ուղղվող աջակցությունը։ 2018 թվականի համեմատ սպորտի ֆինանսավորումն ավելի քան քառապատկվել է՝ գերազանցելով 15 միլիարդ դրամը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ պետական հետևողական քաղաքականությունը միտված է նաև միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպմանը։
Մասնավորապես՝ վերջերս ավարտվել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Նախորդ տարիներին ՀՀ-ում հաջողությամբ կազմակերպվել են նաև ծանրամարտի և բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունները, իսկ հաջորդ տարի նախատեսված են մի շարք խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։
«Այս միջոցառումները նպաստում են Հայաստանի դիրքի ամրապնդմանը համաշխարհային սպորտային քարտեզում՝ փաստելով մեր կազմակերպչական կարողությունների շարունակական զարգացման մասին»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ միջազգային ֆեդերացիաների գնահատականները ևս հաստատում են, որ յուրաքանչյուր մրցաշարի հետ բարձրանում է կազմակերպման որակը, որը խոսում է ինստիտուցիոնալ զարգացման, սպորտի նկատմամբ աճող հետաքրքրության և մասսայականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։
«Վստահ եմ, որ կոնվենցիայի վավերացումը կօգնի ավելի ամրապնդել ինստիտուցիոնալ շրջանակը և առաջ շարժվել նոր, որակական բարձր չափանիշների սահմանման ուղղությամբ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Ջուլիետա Ազարյանը՝ հորդորելով կողմ քվեարկել առաջարկվող նախագծին: