ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։

Առաջարկվող փոփոխություններով՝ նախակրթարանները կընդունեն 3-6 տարեկան երեխաների այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում 5 տարեկանները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը կարևոր է հատկապես այն բնակավայրերի համար, որտեղ մանկապարտեզների մեծ հերթեր են գոյանում, և ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել նախադպրոցական կրթության համակարգում։ Առաջարկվող փոփոխությամբ՝ 4 տարեկան երեխաները նման բնակավայրերում նախակրթարաններ հաճախելու հնարավորություն կստանան, ինչը կնպաստի նրանց հետագա կրթական արդյունքի բարելավմանը։

«Նախադպրոցական կրթության հասանելիության մեծացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է։ Այս առումով բավական մեծ առաջընթաց ունենք․ 2017 թվականի համեմատ 17 տոկոսով ավելացել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը համակարգում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Կառավարության 500 մանկապարտեզների կառուցման ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 300 մանկապարտեզում և նախակրթարանում ավարտվել են կառուցման և բարեկարգման աշխատանքները, և մինչև տարեվերջ կապահովվեն Կառավարության ծրագրով սահմանված թիրախային ցուցանիշները։

«Նախադպրոցական հաստատությունների կառուցման և նորոգման աշխատանքներին զուգահեռ կարիք ունենք լավարկելու իրավական ընթացակարգերը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի լայն ընդգրկվածություն՝ երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման համար»,-ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխություններն այդ նպատակին են միտված։

Նախարարը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որոմցում մանկապարտեզներ չկան, նախակրթարան կհաճախեն 3-6 տարեկանները, ինչը նույնպես կնպաստի համակարգում ընդգրկվածության ավելացմանը։

«Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել և ապահովել փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող բնակավայերի նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Իրականացված պետական քաղաքականության արդյունքում մենք գրեթե բոլոր բնակավայրերում հասել ենք նախադպրոցական կրթության ապահովման։ Այս կարգավորումը ևս հնարավորություն կտա, որ այս համակարգի շահառու դառնան ավելի մեծ թվով երեխաներ»,- նշել է նա։

Օրենսդրական փոփոխության մյուս ուղղությունը վերաբերում է հավաստագրման գործընթացի միասնականացմանը կամ ստանդարտացմանը։ Ինչպես հայտնի է, նախադպրոցական, հանրակրթության, և միջին մասնագիտական կրթության համակարգերում հաստատությունների ղեկավարման համար պահանջվում է հավաստագիր, որը փաստում է՝ տվյալ անձն ունի բավարար գիտելիքներ հաստատության կառավարման համար։ Ներկայում տարբեր աստիճաններում հավաստագրման առանձին գործընթացներ են իրականացվում։ Առաջարկվում է սահմանել հավաստագրաման միասնական ստանդարտ ողջ համակարգի համար։

Նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: