ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում կայացել է հերթական սիմֆոնիկ համերգը՝ նվիրված լեհ մշակութային գործիչ Էլժբետա Պենդերեցկայի հիշատակին։ Էլժբետա Պենդերեցկան ողջ կյանքը նվիրել է ամուսնու՝ հայկական արմատներ ունեցող մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական ժառանգության պահպանմանն ու վերարժևորմանը։ Ի հիշատակ տիկին Պենդերեցկայի՝ հնչել է Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջոն 3-րդ սիմֆոնիայից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, անվանի դաշնակահար Ռուբեն Կոզինի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ առաջին անգամ հնչել են Էդուարդ Հայրապետյանի Մոռացված վալսը և Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, որը գրվել է 8 տարի առաջ և հանգամանքների բերումով միայն այժմ է բեմ բարձրանում։

Համերգային ծրագրում ներկայացվել են նաև Քեթրին Սաքսոնի «Նունաթակ» երգ նվագախմբի համար ստեղծագործությունը և Ռոման Կիմի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որի մենակատարը հեղինակն էր՝ տաղանդավոր ջութակահար Ռոման Կիմը։

Հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացնող Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության համագործակցությամբ։ Փառատոնի շրջանակում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները թողարկվելու են հայտնի մեդիահարթակներում, մասնավորապես՝ Universal Edition հրատարակչության հարթակում:

Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։