Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում մարտի 28-ին և 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։
Բեմադրիչը Արինա Արարատյանն է, բեմանկարիչը՝ Նելլի Բարսեղյանը, զգեստները ձևավորել է Լուսինե Խաչատրյանը։
Բեմադրական այս աշխատանքը մարկեսյան մոգական ռեալիզմի նուրբ և բազմաշերտ աշխարհը թատերական լեզվով վերարտադրելու փորձ է, որտեղ առասպելականը և առօրյան ոչ թե հակադրվում են, այլ հաղորդակցվում՝ ստեղծելով նոր իրականություն։ Փոքր բեմի միջավայրը դառնում է ոչ միայն գործողության վայր, այլև ընկալման յուրատեսակ առանցք, որտեղ յուրաքանչյուր ժեստ, լռություն և տեսարան խորհրդանշական է։ Բեմադրիչը չի սահմանափակվում պատմվածքի սյուժեի վերարտադրությամբ. նա առաջարկում է տեսարանային մտածողությամբ կառուցված աշխարհ, որտեղ ջրահեղձի կերպարն աստիճանաբար վերածվում է հավաքական երևակայության։
Բեմանկարչական և զգեստային լուծումները միտված են ոչ թե նատուրալիստական միջավայր ստեղծելուն, այլ պայմանականության միջոցով գործողության ներքին ռիթմն ընդգծելուն։
Ներկայացումը կարող է հետաքրքրել ինչպես Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործության ընթերցողներին, այնպես էլ պարզապես ժամանակակից թատրոնով հետաքրքրվող հանդիսատեսին։