ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր ու միջին եկամտաբերություն ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և ընդգծել վերականգնողական ծառայությունների կարևորությունը մեր երկրի կրթական և սոցիալական համակարգերի զարգացման գործում։ Նրա նշմամբ՝ երկար ժամանակ վերականգնողական ծառայություններ ասելով՝ շեշտադրվել է երեխաներին տրամադրվող աշխատանքների կազմակերպումն ու այդ ուղղությամբ ուսանողներին գիտելիքների և կարողությունների փոխանցումը. «Այս ծրագրի շնորհիվ վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող շահառու խումբ է ավելացել, որի հետ Մանկավարժական համալսարանում իրականացվող աշխատանքները՝ մեթոդների և բովանդակության կարողությունների ձևավորման առումով, վստահվել է Լյուցեռնի համալսարանի գործընկերներին: Կարևորում եմ դասընթացի ինտեգրումը համապատասխան ուսումնական ծրագրերում, ինչը թույլ կտա ապահովել արդյունքների շարունակական կիրառում»։
Նախարարի տեղակալն ընդգծել է դասավանդողների կարողությունների զարգացմանը միտված գործընթացը և այն գործնական ոլորտ տեղափոխելու կարևորությունը. «Վերականգնողական ծառայությունները կյանքի որակի բարձրացման, մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման մասին են նաև: Հույս ունեմ, որ Լյուցեռնի համալսարանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը կլինի շարունակական»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՊՄՀ ղեկավար կազմը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի, կրթական և սոցիալական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, առցանց` նաև Լյուցեռնի համալսարանի ներկայացուցիչները։
Երկամյա ծրագիրն իրականացվել է Լյուցեռնի համալսարանի և ՀՊՄՀ-ի նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ակադեմիական և ինստիտուցիոնալ կարողությունները՝ տարեցների ներքին կարողության և ֆունկցիոնալության վերաբերյալ առօրյա տվյալներ ստեղծելու, վերլուծելու և օգտագործելու համար:
Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են նաև Հայաստանում առողջ ծերացմանը խթանելու նպատակով վերականգնողական ծառայությունների զարգացման խոչընդոտները, նպաստող գործոններն ու իրականացման ռազմավարությունները, վերականգնողական ծառայությունների տնտեսական նշանակությունը:
Հաջորդիվ տեղի է ունեցել «Գիտելիքից կիրարկում. հայ մասնակիցների տեսանկյունները» և «Հետագա քայլեր և առաջարկություններ» խորագրերով պանելային քննարկումը: