Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլերով ընդլայնում է իր ներկայությունը համաշխարհային գիտական համագործակցության քարտեզին՝ հանրապետության գիտության ոլորտի միջազգայնացման համար համապատասխան մրցունակ միջավայր զարգացնելով և Հայաստանը գիտության ոլորտի գրավիչ նպատակակետ դարձնելով արտերկրի հետազոտողների համար։
Մասնավորապես, 2022-2023 թվականներից Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակել և ներդրել է 4 դրամաշնորհային ծրագրեր, որոնք համատեղ նպաստում են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի առաջատար գիտնականների ներուժի ներգրավմանը, վերջիններիս ղեկավարությամբ նոր և հեռանկարային ուղղություններով հետազոտությունների իրականացմանը, գիտական նոր ստորաբաժանումների հիմնադրմանը, հայաստանյան կազմակերպությունների երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և համաշխարհային առաջատար գիտական կենտրոններում արդիական գիտելիք ձեռքբերմանը։
2026 թ․ մարտի 13-ից մեկնարկել է վերոնշյալ 4 դրամաշնորհային ծրագրերի հայտերի ընդունումը․
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր- 2026» մրցույթ,
«ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2026» մրցույթ,
«Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթ,
«PostDoc-Armenia -2026» մրցույթ:
Ամփոփելով 2022–2025 թվականների ընթացքում իրականացված մրցույթների արդյունքները` վերջին 4 տարիներին արտերկրի և սփյուռքի գիտնականներից ստացվել է մասնակցության 285 հայտ, գիտական փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել հայտերի 38,5 %-ը, մասնավորապես.
- Հայաստանում իրենց գիտական հետազոտությունները իրականացնելու համար ֆինանսավորման են երաշխավորվել 28 երկրներից 48 գիտնականների գիտական նախագծեր,
- 25-ը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ գիտական և ակադեմիական կազմակերպություններում երկամյա հետդոկտորական ծրագրերի իրականացման համար, և
- ևս 23-ը՝ ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրման հնգամյա նախագծերի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ գիտական և ակադեմիական կազմակերպություններում գիտական խումբ ղեկավարելու, իսկ նախագծի երրորդ տարվանից նաև՝ գիտական նոր ստորաբաժանում հիմնադրելու համար,
- ևս 24 երկրների 63 գիտնականների հեռավար ղեկավարությամբ ֆինանսավորման են երաշխավորվել ՀՀ գիտական և ակադեմիական կազմակերպություններում գործող գիտական խմբեր, որոնց ներգրավմամբ նախագծի երրորդ տարվանից ստեղծում են նաև գիտական նոր ստորաբաժանումներ։
Ինչ վերաբերում է հայաստանյան կազմակերպությունների երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրին՝ վերջին 4 տարիներին այդ նպատակով ստացված 102 հայտերից փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 73,5 %-ը․ արդյունքում՝ հայաստանյան 75 հետազոտող վերապատրաստվել է աշխարհի 21 երկրների առաջատար գիտական կենտրոններում, այդ թվում՝ Գերմանիա, Չեխիա, ԱՄՆ, Ռուսաստան, Բելգիա, Իտալիա, Չինաստան, Ֆրանսիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն։
Մրցույթների մանրամասները և դիմելու կարգը.
«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2026» մրցույթ` https://www.hesc.am/hy/calls/26rl/
«ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2026» մրցույթ` https://www.hesc.am/hy/calls/26irf/
«Մասնագիտական վերապատրաստում - 2026» մրցույթ` https://www.hesc.am/hy/calls/26pts/
«PostDoc-Armenia- 2026» մրցույթ` https://www.hesc.am/hy/calls/26-postdoc/