Կայացել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:
Համաժողովը կազմակերպել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հանրային ոլորտի նորարարության մրցանակաբաշխության արարողությունը, որի նպատակն է կարևորել նորարարությունը, ճանաչել և արժևորել այն մարդկանց ու թիմերին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի շնորհիվ բարելավում են հանրային քաղաքականությունների և ծառայությունների որակը, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի հանձնառությունը ժամանակակից, առաքելահեն և մարդակենտրոն կառավարման նկատմամբ: Մրցանակաբաշխության չորս անվանակարգերն էին՝ «Թվային լուծումներով խթանված նորարարություն», «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն», «Մարդակենտրոն նորարարություն», «Կառավարման նորարարություն»:
Մրցանակները հաղթողներին հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում մրցանակ են ստացել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը, «Թվային լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և ՆԳՆ թվայնացումը համակարգող նախարարի խորհրդական Աննա Հարությունյանը, «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նույն մարմնի ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը, «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱՍՀ նախարարի տեղակալ Արայիկ Եսայանը:
Նշենք՝ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը որպես բանախոս հանդես է եկել «Երբ քաղաքականությունը մնում է թղթի վրա. ինչպես լրացնել բացը» պանելային քննարկման ընթացքում։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է «Պետական գնումների արդիականացումը. անցում ստանդարտ ընթացակարգերից դեպի փորձարարական մոդելներ» խորագրով պանելային քննարկմանը: