ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության 2021-26 ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետու զեկույցը։
Զեկույցը բովանդակել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում նախորդ տարվա ձեռքբերումներն ու մեծածավալ աշխատանքները, որոնք, ըստ նախարարի, հանգուցային են եղել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված կարևորագույն թիրախների ապահովման համար։
Աշխատանքներ են իրականացվել 320 դպրոցում և 490 մանկապարտեզում
Հանրակրթության ոլորտում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի շրջանակում 2025 թվականին աշխատանքներ են իրականացվել ավելի քան 320 դպրոցում և ավելի քան 490 նախադպրոցական հաստատությունում։
«Տարեվերջին աշխատանքներն ավարտված էին 100 դպրոցում և 280 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Այս թվերն ամեն օր փոխվում են, և ինչպես պլանավորել էինք, տարեվերջին կունենանք ավելի քան 306 դպրոց և ավելի քան 500 մանկապարտեզ ու նախակրթարան, որոնք մեր երեխաների համար ձևավորելու են ժամանակակից, անվտանգ, ապահով կրթական միջավայրի նոր պայմաններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
800 դպրոց ապահովված է բնագիտական լաբորատորիաներով
Դպրոցներում բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաների ձևավորման ծրագիրը նույնպես հանգուցային փուլի է հասել. շուրջ 800 դպրոց արդեն ստացել է լաբորատորիաներ։ Այս տարի լաբորատորիաներով կապահովվեն բոլոր դպրոցները։ «Այն դպրոցներում, որոնցում լաբորատորիաներն արդեն ձևավորված են, էապես փոխվում է երեխաների մոտիվացիան ու հետաքրքրվածությունը բնագիտական առարկաներով։ Նրանք ավելի մեծ հաճույքով են մասնակցում դասերին, ավելի մեծ պատրաստակամությամբ են նաև մտածում այդ առարկաներն ավելի խորությամբ ուսումնասիրելու մասին։ Վստահ եմ, որ սա բերելու է նաև այս ուղղությամբ կրթության որակի էական բարեփոխման»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
1–11-րդ դասարաններում ներդրված է Հանրակրթության նոր չափորոշիչը
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը 2025 թվականին հասցվել է գրեթե ամբողջական վիճակի. 1–11-րդ դասարաններում այն գործել է, իսկ այս տարի կներդրվի նաև 12-րդ դասարանում՝ այսպիսով ամփոփելով չափորոշչի ներդրման գործընթացը։ Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվել չափորոշչի լավարկման շուրջ՝ հաշվի առնելով այս տարիների ընթացքում դպրոցներից, ուսուցիչներից, ծնողներից և սովորողներից ստացված արձագանքները։
«Նախորդ տարի առաջին անգամ մասնակցեցինք PISA միջազգային հետազոտությանը, որը 15 տարեկանների շրջանում անցկացվող արտաքին ստուգատես է և թույլ է տալու մի քանի ուղղություններով նախնական իրավիճակ արձանագրել սովորողի գիտելիքների և հմտությունների վերաբերյալ։ Այս տարվա սեպտեմբերին արդեն հետազոտության արդյունքները կհրապարակվեն, և առաջին անգամ հնարավորություն կունենանք, բացի TIMSS հետազոտությունից, նաև PISA-ի շրջանակում դիտարկել մեր երկրի հանրակրթության արդյունքները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։
Չափորոշչի ներդրմանը համընթաց՝ 2023–2025 թվականներին մրցութային ընթացակարգով 158 անուն նոր դասագրքեր են ստեղծվել։ Մեկ դասագրքի արժեքը միջինում նվազել է մինչև 26 տոկոսով։
Այս ոլորտում որպես ձեռքբերում՝ նախարարն ընդգծել է, որ սոցիալական կրեդիտի շրջանակում 5–12-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի ծնող 3000 դրամ վերադարձի հնարավորություն ունի։ Այս հնարավորությունից կարող են օգտվել ավելի քան 300 հազար երեխաներ։ 1–4-րդ դասարանների դասագրքերը պետությունն ամբողջությամբ ապահովում և տրամադրում է անվճար։
Դպրոցների պահպանմանը հատկացվել է 128.8 միլիարդ դրամ
2025 թվականին միայն դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 128.8 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 56 տոկոսով։ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից էր, որ չնայած համավարակին և այլ մարտահրավերներին՝ տարեցտարի ավելացրել է կրթությանն ուղղվող բյուջեն։
«Դպրոցներում շատ ակտիվ համագործակցություն կա նաև մասնավոր հատվածի հետ՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ընդլայնվել է FAST-ի հետ համատեղ իրականացվող ԱԲ սերունդ ծրագիրը, որում 26 դպրոց է ընդգրկված՝ 800 սովորողով։ 2026 թվականին նախատեսում ենք արհեստական բանականության այս դասընթացը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80 տոկոսին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների գործատուների միության հետ իրականացվում է Step AI ծրագիրը, որում 15 դպրոց է ընդգրկված։
Ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավում
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման ուղղությամբ 2025-ին, ընդհանուր առմամբ, հինգ ծրագրերին համատեղ ուղղվել է ավելի քան 15 միլիարդ դրամ. 2018-ի նկատմամբ 65 անգամ աճել է ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերի բյուջեն: 2026-ին արդեն առկա է շուրջ 20 միլիարդ դրամի հատկացում: Մասնավորապես՝ այս պահին արդեն յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ կամավոր ատեստավորված է, ընդհանուր թիվը՝ 9600 ուսուցիչ։ Եռակի աճել է նաև տարակարգի դիմելու տեմպը։ 9200 բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների առարկաներ դասավանդող ուսուցիչներ նաև ստանում են 25 տոկոս հավելավճար՝ ի լրումն բոլոր ծրագրերի։ Գյուղական՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում 3120 ուսուցիչ դասավանդած ժամերից անկախ ստանում է նաև մեկ դրույքի պակասող մասը լրացնող վարձատրությունը:
2024–2025 թվականներին ավելի քան 4000 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ, որը մանկավարժական աշխատանքի գրավչության բարձրացման քաղաքականության հետևանք է։ Նրանց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում, իսկ շուրջ 80 տոկոսը մինչև 45 տարեկան մասնագետներ են:
Նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է հոգեբանների ատեստավորում. այս տարի պլանավորվում է նաև հատուկ մանկավարժների ատեստավորումը։
Կթվայնացվի ավագ դպրոցի ընդունելությունը
Լավարկվել է դպրոց ընդունելության էլեկտրոնային գործընթացը, ինչը նշանակում է՝ 2026 թվականից արդեն ծնողը երեխային գրանցելիս ստիպված չի լինի մինչև վեց փաստաթուղթ ներկայացնել. ինքնաշխատ եղանակով տվյալները կստացվեն տարբեր համակարգերից և կստուգվեն։ Բացառվել են նաև մանկապարտեզ հաճախած երեխաների տվյալների կրկնակի մուտքագրման խնդիրները։ Այս տարի կթվայնացվի նաև ավագ դպրոցի ընդունելությունը, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կընդլայնվեն նաև թվայնացման մյուս գործառույթները և հաշվետվությունների ստացման հնարավորությունները, ինչը թույլ կտա վարել ավելի տվյալահեն քաղաքականություն։
Նախադպրոցական կրթություն․ 3–5 տարեկանների ընդգրկվածությունը՝ 81 տոկոս
2025 թվականի ավարտին 3–5 տարեկանների ընդգրկվածությունը նախադպրոցական համակարգում կազմել է 81 տոկոս։ Ընթացքի մեջ է 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման ծրագիրը, որը կապահովի այդ տարիքի երեխաների 85 տոկոսի ընդգրկվածության թիրախային ցուցանիշը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ բարեփոխում է իրականացվել նախադպրոցական կրթության վարչական ռեգիստրների վարման գործընթացում, և 2026 թվականից նախարարությունը կհանդիսանա նաև վարչական ռեգիստրի վարող, և տվյալները կհաշվարկվեն ինքնաշխատ եղանակով՝ ներկայացնելով ավելի համապարփակ և ամբողջական տեղեկատվություն ու հետևելով երեխաների ընդգրկվածությանը։
2021 թվականի նկատմամբ առկա է երեխաների ընդգրկվածության 17 տոկոս աճ:
Նախորդող տարիներին մեկնարկել է լիցենզավորման նոր գործընթաց, և 2025 թվականի դրությամբ լիցենզավորված են նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող 249 մասնավոր հաստատություններ, որտեղ հաճախում է շուրջ 10 800 երեխա։ Քաղաքային բնակավայրերում նախադպրոցական հաստատություն հաճախող երեխաների 22.3 տոկոսն ընդգրկված է մասնավոր մանկապարտեզներում:
Ըստ նրա՝ իրականացված աշխատանքների արդյունքում էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը։ 2025 թվականի դրությամբ 1011 բնակավայրերից նախադպրոցական ծառայություններ չկան միայն 87-ում․ 2023-ին այս ցուցանիշը 229 էր եղել։
Շարունակվել է նաև համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը։ Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 2000 երեխաներ պետության ֆինանսավորմամբ հնարավորություն են ստացել ընդգրկվելու մանկապարտեզներում։
Քոլեջներում և ուսումնարաններում սովորում են 47 700 ուսանողներ
2025 թվականի դրությամբ քոլեջներում սովորում էին ավելի քան 47 700 ուսանողներ, որը 2021 թվականի նկատմամբ 27.5 տոկոս ավելի է. ընդունելության ցուցանիշը բարելավվել է 29 տոկոսով: Աճը հատկապես զգալի է գերակա մասնագիտություններով, որտեղ արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ուղղություններով տրվում է 50 000 դրամ կրթաթոշակ․ ծրագրի շահառու են ավելի քան 3000 ուսանողներ:
Շարունակվում են դուալ կրթության ներդրումը և մասնավոր հատվածի հետ աշխատանքը։
Երկու տարի առաջ 4 ուղղությամբ մեկնարկած է դասախոսների և վարպետների ատեստավորումը շարունակվել է ՝ ապահովելով վարձատրության առնվազն կրկնակի բարձրացում։ Նախորդ տարի ծրագրում ներառվել է նաև տեքստիլի ուղղությունը, և ատեստավորվել է այդ ոլորտում դասավանդող 181 մասնագետ։
Տարեվերջին գործարկվել է տարակարգի մեխանիզմը քոլեջների մանկավարժների համար՝ որպես վարձատրությունը բարձրացնելու նոր հնարավորություն։
Արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթություն․ 800 ծրագիր է երաշխավորվել
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում արտադպրոցական և ոչ ֆորմալ կրթությանը։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակում այս գործընթացը նոր թափ է ստացել։ 2025 թվականի ավարտի դրությամբ ավելի քան 800 ծրագիր է երաշխավորվել՝ 16 անգամ ավելի, քան նախկինում։
Նախարարը հիշեցրել է՝ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ 638 դպրոցներում գործում են «Արմաթ» ինժեներական խմբակներ, որոնք կրթություն են տրամադրում շուրջ 17 000 դպրոցականների։
«Համագործակցում ենք նաև COAF-ի, «Թումո»-ի հետ, և մեր արտադպրոցական կրթության համակարգը, պետք է ասել, օրինակելի է նաև այդ իմաստով։ Ոչ ֆորմալ կրթության մոդելները դառնում են շատ ճանաչելի աշխարհում։ Շարունակվել է ատեստավորումը արվեստի և սպորտի ոլորտների արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար։ Ներկայում ատեստավորված է ոլորտի 290 մանկավարժ, որոնցից 77 տոկոսը՝ մշակույթի, 22 տոկոսը՝ սպորտի ոլորտից»,- իրազեկել է Ժաննա Անդրեասյանը։
Բարձրագույն կրթություն․ իրականացվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը Բարձրագույն կրթության ուղղությամբ նախորդ տարի կատարած կարևորագույն աշխատանքներից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը, որը ձևավորել է լիարժեք իրավական շրջանակ ոլորտի բարեփոխումների համար։
«Ակադեմիական քաղաք» խոշոր ծրագրի իրագործումը շարունակվում է․ 2025 թվականին էական առաջընթաց է արձանագրվել նախապատրաստական փուլի ամփոփման, իրականացման փուլի մեկնարկի առումով։ Ներկայում գլխավոր հատակագիծը համալիր փորձաքննության փուլում է, միաժամանակ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, մրցույթների կազմակերպման ուղղությամբ։
Ըստ նախարարի՝ նախորդ տարի բուհեր ընդունվել է 10 970 առաջինկուրսեցի, որից 59 տոկոսը ԲՏՃՄ ուղղություններով է։ Օտարերկրյա ուսանողների ընդունելությունն իրականացվել է թվային հարթակով: Արդյունքում՝ միայն օտարազգի քաղաքացիների հայտերը նախորդ տարվա համեմատ աճել են 90 տոկոսով։
Հաստատվել է Գիտության ռազմավարությունը
Գիտության ոլորտում կարևոր ձեռքբերումներից մեկը Ժաննա Անդրեասյանն համարում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի հաստատումը, որը ոլորտի քաղաքականությունն էլ ավելի հավակնոտ է դարձնում։
«2030 թվականի համար գիտության ոլորտին ՀՆԱ-ի մինչև 1 տոկոսի չափով հատկացման թիրախ է սահմանվել՝ ակնկալելով նաև մասնավոր հատվածի մասնակցություն։Կ արծում եմ, որ սա պետք է հանդիսանա ոլորտի զարգացման էական խթան»,- ասել է նախարարը։
ԵՊՀ-ի արհեստական բանականության կենտրոնի համար շուրջ 3.7 միլիարդ դրամ է հատկացվել, գիտաշխատողների բազային վարձատրությունն աճել է մինչև 300 տոկոսով՝ գիտնականի վարձատրությունը դարձելով բավականին գրավիչ, որը ապահովում է երիտասարդ գիտաշխատողների մուտքը ոլորտ։