ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Օ՛Ռոարկը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ձևավորված ամուր գործընկերությունը և համագործակցության շարունակական զարգացումը։
«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի, որը նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվում են մի շարք կրթագիտական նախաձեռնություններ, մասնավորապես՝ փոխանակման ծրագրեր բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, անգլերենի ուսուցման նախաձեռնություններ և այլն։ Դեյվիդ Ալենը հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ, որի կամավորները ՀՀ մարզերում իրականացնում են անգլերենի ուսուցման և համայնքային միջմշակութային ծրագրեր։
Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլյամ Օ՛Ռոարկը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության և նախարարության հետ ձևավորված համագործակցության համար։ Նա տեղեկացրել է, որ Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992 թվականից․ այս ընթացքում ավելի քան 1150 կամավորներ ծառայություն են իրականացրել ՀՀ-ում։
Ներկայում Խաղաղության կորպուսի 41 կամավորներ ծառայություն են իրականացնում ՀՀ 7 մարզերում։ Օրերս Հայաստան են ժամանել ևս 31 կամավորներ, որոնք անցնում են նախապատրաստական ուսուցում․ ուսումնասիրում են հայերեն, ծանոթանում հայկական մշակույթին, մասնակցում անգլերենի դասավանդման մեթոդական դասընթացների։ Նախատեսվում է, որ ուսուցումն ավարտելուց հետո նրանք կաշխատեն դպրոցներում, քոլեջներում, իսկ մի քանիսը՝ նաև համալսարաններում։ Օ՛Ռոարկը նաև նշել է, որ ավելի քան տասը կամավորներ իրենց գործունեությունը կծավալեն պետության կողմից հիմնված մարզային երիտասարդական կենտրոններում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Խաղաղության կորպուսի հետ համագործակցությունը՝ նշելով, որ երիտասարդական կենտրոնների գործունեությունը նախարարության ռազմավարության կարևոր ուղղություններից է։ Շեշտելով, որ երիտասարդական կենտրոնների ցանցը շարունակաբար ընդլայնվում է ՀՀ տարբեր մարզերում, նախարարն առաջարկել է դիտարկել դրանց ներառումը Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի հաջորդ փուլերում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական կրթության զարգացմանը և «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության շրջանակում ամերիկյան տեխնոլոգիական բուհերի հետ համագործակցության հնարավորությանը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ տարբեր համալսարանների միջև արդեն ձևավորված է արդյունավետ համագործակցություն՝ միաժամանակ ընդգծելով զարգացման ավելի լայն ներուժը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։