ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ։ Նա շրջել է մարզի մի շարք արհեստագործական և միջին մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում։

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, Գյումրու տնտեսագիտական վարժարան, Արթիկի պետական քոլեջ և Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարան կատարած այցերի ընթացքում նախարարի տեղակալը ծանոթացել է ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպմանը, առկա խնդիրներին, ինչպես նաև շենքային պայմաններին և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում Արաքսիա Սվաջյանը զրուցել է ուսանողների և դասավանդողների հետ, քննարկել ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասնագիտական պատրաստվածության և անհրաժեշտ սարքավորումների առկայության հետ կապված հարցեր։ Նշվել է, որ ուսումնարանում գերակա ուղղություններով դասավանդվում է 4 մասնագիտություն, գործում է 11 մասնագիտական խումբ՝ ընդհանուր առմամբ 147 սովորողով։ Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև գերակա մասնագիտություններով կրթաթոշակ ստացող, ինչպես նաև տրանսպորտային փոխհատուցման կարգից օգտվող սովորողների մոտիվացիայի բարձրացմամբ։ Այնուհետև Արաքսիա Սվաջյանն այցելել է Արթիկի պետական քոլեջ, որտեղ սովորում է 423 ուսանող՝ 8 մասնագիտություններով․ շուրջ 120 ուսանողներ հարակից համայնքներից են հաճախում դասերի։ Նախարարի տեղակալը շրջել է քոլեջի երկու մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին։ Մասնաշենքերից մեկում առկա է մարզադահլիճ, որը նախատեսվում է վերանորոգել պետական միջոցներով։ Նշվել է նաև, որ քոլեջը մասնակի հագեցած է տեխնիկական միջոցներով: Ուսանողների հետ զրույցում Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջորդաբար այցելել է Գյումրու տնտեսագիտական վարժարան։ Նա սովորողների հետ զրուցել է մասնագիտական կողմնորոշման, հանրակրթության պետական նոր չափորոշչի շրջանակում ներդրված խորացված առարկայական ուսուցման, ընդունելության քննությունների և ուսումնական գործընթացին առնչվող այլ հարցերի մասին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ նոր չափորոշչով սահմանված մոտեցումները կօգնեն աշակերտներին առավել արդյունավետ օգտագործել դպրոցում ստացած գիտելիքները բուհեր ընդունվելու ժամանակ՝ նվազեցնելով կրկնուսույցների կարիքը։ Արաքսիա Սվաջյանը 9-րդ դասարանի աշակերտներից հետաքրքրվել է՝ ինչպես են պատրաստվում ավարտական քննություններին, բնագիտական առարարկաներից քննություն հանձնելու որ ձևաչափն են նախընտրում՝ թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանք։ Նա նաև զրուցել է 9-րդ դասարանում «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը էսսեի ձևաչափով անցկացնելու մասին։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծային աշխատանքներն ու էսսեները կարևոր են աշակերտների վերլուծական կարողությունների և քննադատական մտածողության ձևավորման և զարգացման առումով։ Նշվել է նաև՝ վարժարանում «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի շրջանակում արհեստական բանականության խորացման ուսուցում է իրականացվում:

Գյումրու տնտեսագիտական վարժարանում սովորում է շուրջ 860 աշակերտ, իսկ ուսուցիչների շուրջ 80 տոկոսը հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորման գործընթացը։

Աշխատանքային այցի վերջին կանգառը Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում էր, որտեղ սովորում է 113 ուսանող․ նրանցից 66-ը հարակից համայնքներից են։ Ուսումնարանում դասավանդվում է 8 մասնագիտություն։ Նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատության շենքային պայմաններին, առկա խնդիրներին, ինչպես նաև զրուցել սովորողների հետ՝ հետաքրքրվելով հետագա ծրագրերով և զբաղվածության հեռանկարներով։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կրթական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ուսումնական գործընթացի կազմակերպման, հաստատությունների արդյունավետ գործունեության ապահովման և մանկավարժական կադրերի մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր։