ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի կամերային նվագախումբը փետրվարի 18-ից մարտի 3-ը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Վալանս, Լիոն, Ռոման, Գրենոբլ, Մարսել, Նիցա քաղաքներում՝ հանդիսատեսի կողմից արժանանալով ջերմ ընդունելության և բարձր գնահատականի։

Շրջագայության ընթացքում երիտասարդ երաժիշտները ներկայացրել են համերգային ծրագիր, որը ներառում էր համաշխարհային դասական երաժշտության ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների գործեր։

Հայ-ֆրանսիական նվագախումբը 2014 թվականից կազմակերպում է փոխայցելություններ՝ համատեղ համերգներ Ֆրանսիայի ու Հայաստանի տարբեր քաղաքներում: Ծրագիրը ներառում է նաև վարպետության դասեր հայ և ֆրանսիացի մասնագետների հետ։

Համերգային շրջագայությունը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի երաժշտական կրթության բարձր մակարդակը, ինչպես նաև նպաստելու հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության զարգացմանը։ Նվագախմբին միացել են նաև ֆրանսիացի և հայ պատանի երաժիշտներ։ Համատեղ համերգները դարձել են մշակութային երկխոսության կարևոր հարթակ՝ միավորելով երաժշտասերներին և ստեղծելով նոր համագործակցությունների հնարավորություններ։

Ֆրանսիական շրջագայությունը կարևոր քայլ էր հայ երիտասարդների կատարողական արվեստի միջազգային ներկայացման, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։