«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել հայ-լեհական արտադրության «Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության և ներքին գործերի և վարչական հարցերի նախարարությունների, Միերաշևսկու կենտրոնի ֆինանսավորմամբ. արտադրությունը՝ «Կաթնեղբայր» հիմնադրամի և ԿԳՄՍՆ Հայաստանի կինոյի հիմնադրամի («Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիա):

Ռեժիսոր Վահրամ Մխիթարյանի 5-ամյա հետաքննական աշխատանքը բացահայտում է հռչակավոր Սկևռայի Ավետարանի դրամատիկ ճակատագիրը։ Ֆիլմը պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կորսված միջնադարյան ձեռագրի՝ Սկևրայի Ավետարանի խորհրդավոր անհետացման և 20-րդ դարի վերջին գրեթե պատահականորեն հայտնաբերման մասին։ 58-րոպեանոց վավերագրությունը կամրջում է Կիլիկիան և ժամանակակից Լեհաստանը՝ դառնալով հայկական մշակույթի եվրոպական հետքի յուրօրինակ ապացույց։ Ֆիլմի հեղինակները գտել են այն վկաներին, որոնց կյանքում այս ձեռագիրը թողել է անջնջելի հետք:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, Կրակովի համալսարանի պրոֆեսոր (հանդես է եկել նաև ֆիլմում) Քշիշտոֆ Ստոպկան, ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան:

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել հայ-լեհական մշակութային կապերը և նշել, որ նախագիծն իրականացվում է Հայաստան-Լեհաստան մշակութային համագործակցության շրջանակում. «Այս ֆիլմի ցուցադրությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացվում են փաստեր, թե ինչպես է ձեռագիրը փրկվել պատերազմից։ Ֆիլմին զուգահեռ՝ դահլիճում ցուցադրվում է նաև Սկևռայի Ավետարանի բացառիկ կրկնօրինակը՝ ֆաքսիմիլը»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ֆիլմի ստեղծագործական թիմին, ինչպես նաև Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Պրինցինգին, որի գործունեության շնորհիվ հայտնաբերվել և պահպանվել է Սկևռայի Ավետարանը:

Միջոցառման ընթացքում հայագիտության զարգացման և Սկևռայի Ավետարանի պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մայնցի Յոհաննես Գուտենբերգի անվան համալսարանի պրոֆեսոր Գյունտեր Պրինցինգը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մեդալը հանձնել է ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանին՝ Գերմանիայում բնակվող պրոֆեսորին փոխանցելու նպատակով:

«Կորցված, գտնված, թաքցված» վավերագրական ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ և համարտադրող՝ Վահրամ Մխիթարյան, սցենարի համահեղինակ և պրոդյուսեր՝ Ալեքսանդրա Մայջինսկա, մոնտաժը՝ Սլավոմիր Վիտեկի, ձայնը՝ Կատաժինա Ֆիգատի, երաժշտությունը՝ Արսեն Բաբաջանյանի: