Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը նշում է հիմնադրման 90-ամյակը: Ի նշանավորումն քոլեջի հիմնադիր-կառուցող, երկարամյա տնօրեն Նորայր Աճեմյանի՝ տեղադրվել է նրա կիսանդրին, որի հեղինակը քոլեջի նկարչության դասախոս Վարդան Զաքարյանն է:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, Նորայր Աճեմյանի դուստր Գայանե Աճեմյանը:

«Քոլեջի 90 տարիները պատմություն են անցած ճանապարհի, հաջողությունների, դժվարությունների, երբեմն նաև խնդիրների մասին, որոնք ձևավորել են որակյալ կրթություն կազմակերպելու ամուր հիմք և միջավայր: Մասնագիտական կրթության զարգացումը բարեփոխումների շատ կարևոր փուլ է թևակոխել․ այս գործընթացում կարևոր է ավանդույթների և ժառանգության պահպանումը, որի հիմքի վրա էլ կկառուցվի նորը: Նորայր Աճեմյանի կենսագրությունը փաստում է՝ յուրաքանչյուր նվիրյալ մասնագետի գործունեությունը կարող է ազդեցություն ունենալ նաև հասարակության վրա, եթե նա բավարար ջանք է ներդնում հանրային բարիք ստեղծելու գործում: Նրա գործունեությունը չափազանց օրինակելի է սերունդների համար և հպարտության արժանի»,- շնորհավորելով մանկավարժներին, ուսանողներին, Աճեմյան ընտանիքի անդամներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը և քոլեջին մաղթել է հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և զարգացումներ:

«Մեր պարտքն է կրկնապատկել բոլոր ջանքերը, որոնք ներդրվել են հանուն քոլեջի բարօրության ու բարգավաճման, որպեսզի հաջորդ տարիներին ավելի մեծ ձեռքբերումներ գրանցվեն»,- շնորհավորանքի խոսքում ասել է քոլեջի տնօրեն Նարա Հովհաննիսյանը։

Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել Նորայր Աճեմյանի գործունեությանը. նա 1978-1998 թվականներին ղեկավարել է Սովետական առևտրի Երևանի տեխնիկումը, որը 1999 թվականից անվանակոչվել է նրա անունով։ 1985 թվականին տեխնիկումը ԽՍՀՄ-ի 4600 տեխնիկումների մեջ զբաղեցրել է առաջին տեղը՝ որպես լավագույն ուսումնական հաստատություն, իսկ Նորայր Աճեմյանը՝ որպես լավագույն մանկավարժ, արժանացել է բազմաթիվ շքանշանների: