Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է տարբեր հարթակներում շրջանառվող լուրերին, թե իբր այս տարվա սեպտեմբերից գյուղական բնակավայրերի բազմաթիվ դպրոցներ փակվելու են։ Շահարկվում է նաև դպրոցներում փառքի անկյունները և հերոսների նկարները հանելու հարցը՝ տարածելով չհիմնավորված տեղեկատվություն, թե իբր նախարարությունից նման հանձնարարական է տրվել ուսումնական հաստատություններին։

«Սուտ է, չկա նման բան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով՝ այն ինչ արել և անում է ներկա Կառավարությունը կրթության ոլորտում, երբեք չի արվել։ «Դպրոցաշինություն, բովանդակային բարեփոխումներ, ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգ և վարձատրության բարելավում․ բոլոր ուղղություններով նշանակալի և տեսանելի առաջընթաց կա, հետևաբար խորհուրդ եմ տալիս հանգիստ թողնել դպրոցները, որովհետև յուրաքանչյուր ապատեղեկատվությանը կարող է տրվել հիմնավոր ու փաստարկված պատասխան։

Կառուցում ենք նոր դպրոցներ, կրթահամալիրներ, որպեսզի բոլոր երեխաները՝ անկախ բնակավայրից, բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն ունենան։ Սա Կկառավարության ստանձնած շատ կարևոր հանձնառությունն է, որը հետևողականորեն իրականացվում է՝ հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի առանձնահատկությունները։Գյուղական բնակավայրերում, որտեղ սոցիալական պատշաճ միջավայրի, ժամանակակից և հագեցած պայմանների կարիքն ակնհայտ է, պետք է գտնենք պատշաճ լուծումներ, և կրթահամալիրներն ուղղված են հենց այս նպատակին։ Դրանք կառուցվում են բավարար հզորությամբ, որպեսզի սպասարկեն մի քանի բնակավայրերի երեխաների։

Կառավարությունը հանձնառություն է ստանձնել նաև վերանորոգելու ճանապարհները, տրամադրելու տրանսպորտային միջոցներ, անհրաժեշտ այլ պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան նոր կրթահամալիրներում ստանալ բարձրակարգ կրթություն։ Ծրագիրն այն մասին է, որ ամեն մարդ, բնակվելով հարազատ բնակավայրում, հնարավորություն ունենա իր երեխային ապահովելու լավ կրթություն։ Տարիներով մարդիկ տեղափոխվել են գյուղերից, լքել են իրենց բնակավայրը, որպեսզի իրենց երեխաները կարողանան ավելի լավ կրթություն ստանալ։

Այժմ Կառավարությունն առաջարկում է զարգացնել գյուղական բնակավայրերը, այդ նպատակով կառուցվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ։ Եվ այն բնակավայրերում, որոնցում արդեն գործում են նոր ուսումնական հաստատություններ, սովորողների թվի աճ է գրանցվում, ինչը նշանակում է՝ ընտրված ճանապարհը ճիշտ է։

Դպրոցներում փառքի անկյունների և հերոսների նկարների մասին բազմիցս ասել եմ՝ որևէ գաղտնի շրջաբերական չկա, այդպիսի բան պարզապես չկա․ առաջարկում եմ դադարեցնել այդ ապատեղեկատվության տարածումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։