ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Նախագծում սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում մեկ կամ մի քանի կրթական ծրագրեր։
Մասնագիտությունը հանդիսանում է համակարգի հիմնական դասակարգման միավորը և օգտագործվում է ռազմավարական վերլուծության, կադրային պահանջների կանխատեսման և պետական կրթական քաղաքականության ձևավորման ու արդյունքների վերլուծության նպատակներով։
Առաջարկվող մոդելով հստակ տարանջատվում են կարգավորման մակարդակները՝
- մասնագիտություն - դասակարգման նորմատիվ միավոր,
- կրթական ծրագիր - լիցենզավորման և հավատարմագրման օբյեկտ,
- որակավորում - կոնկրետ կրթական ծրագրի ավարտի արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին։
Ըստ նախագծի՝ շրջանավարտների (բակալավր և մագիստրոս) դիպլոմներում կամրագրվեն շնորհված որակավորումը և կրթական ծրագիրը։ Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը:
ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը։
Նախագծի ընդունման դեպքում ուժը կորցրած կճանաչվի 2014 թ. հոկտեմբերի 23-ի «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:
Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում կշարունակվի մինչև 2026 թ. մարտի 18-ը ներառյալ: Կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցներն իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):