ԱԺ լիագումար նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Զեկուցելով հարցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացում ավելի հստակ ու չափելի ընթացակարգերի սահմանմանը: Մասնավորապես՝ նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

«Մի կողմից՝ առաջարկվող կարգավորումները համադրվում են ընդհանուր իրավական շրջանակին, մասնավորապես՝ ԵԱՏՄ կարգավորումներին, մյուս կողմից՝ դրանք առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում մշակութային արժեքների շրջանառության տեսանելիության համար: Սա կարևոր քայլ է նաև մշակույթի ոլորտում թափանցիկ շուկայի ձևավորման տեսանկյունից, ինչը Կառավարության առաջնահերթություններից է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը և տեղեկացրել՝ վերջին տարիներին Կառավարության աշխատանքն ուղղված է եղել մշակույթի ոլորտում տնտեսականացման առաջընթացի ապահովմանը։

Մասնավորապես՝ նախորդ տարի Ազգային ժողովն ընդունել է «Մշակութային աճուրդների մասին» օրենքը, որը օրենսդրության նոր փաթեթ էր և ամբողջությամբ նոր դաշտ է ապահովել մշակութային աճուրդների կազմակերպման համար։ Նախարարի դիտարկմամբ՝ այն հնարավորություն է տալիս երկրում ձևավորել ինստիտուցիոնալ շուկա մշակութային արժեքների վաճառքի համար: Ըստ նրա՝ ներկայում բանակցություններ են վարվում հեղինակավոր աճուրդային տների հետ՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ուղղությամբ։ Բացի այդ՝ վերջերս Կառավարությունն ընդունել է նաև աճուրդների կազմակերպման կարգը։

«Վստահ եմ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կլրացնեն օրենսդրական շրջանակը, որը մշակութային արժեքների շուկան և դրա կարգավորումը կդարձնի առավել տեսանելի և կանխատեսելի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հստակեցվել են մշակութային արժեքների արտահանման համար պահանջվող փաստաթղթերը և մաքսային ռեժիմները։ Եթե նախկինում առկա էր միայն արտահանման լիցենզիա և ժամանակավոր արտահանման իրավունքի վերաբերյալ եզրակացություն, ապա այժմ ավելացվում են նաև հանքագիտական և հնէաբանական հավաքածուների հետ կապված կարգավորումները, վերամշակման մաքսային ընթացակարգերի կարգավորումները և մի շարք այլ դրույթներ, որոնք հնարավորություն կտան ճկունություն ցուցաբերել համապատասխան գործընթացներում։

Առաջարկվում է փոխել նաև տուրքի չափը, մասնավորապես՝ գործող օրենքում տուրքի չափը բազային տուրքի հնգապատիկն է: Քննարկվող նախագծով առաջարկվում է մեկ մշակութային արժեքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով տուրք կիրառել, երկու և ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով: Միաժամանակ կրկնօրինակների պարագայում տուրքի չափը կպահպանվի բազային տուրքի եռապատիկի չափով՝ ինչպես նախկինում էր։ Նոր խմբագրություն է սահմանվել նաև տուրքի վճարման արտոնություն ունեցող խմբերին վերաբերող հոդվածում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է ինչպես օրենսդրական շրջանակը միջազգային ձևաչափերին համապատասխանեցնելու, այնպես էլ մշակույթի տնտեսականացման պետական քաղաքականությունը խթանելու տեսանկյունից՝ ապահովելով մշակութային արժեքների արտահանման առավել կարգավորված և կանխատեսելի ընթացակարգեր։

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը: