«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը։

Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքը պաշտոնապես հրապարակել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի այս տարվա հաղթող երկրների անունները: 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի երիտասարդների ներկայացրած աշխատանքները:

ՀՀ Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում՝ ընտրվելով մի քանի տասնյակ աշխատանքներից որպես հաղթող:

Հաղթողները 2026 թ. մայիսին կմեկնեն Ստրասբուրգ:

Ստեղծագործական մրցույթն արդեն երրորդ տարին է՝ անցկացվում է Գրականության և արվեստի թանգարանում: Նախորդ երկու տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը ևս հաղթանակ են գրանցել եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Մրցույթը ամենամյա է. նոր շրջափուլի վերաբերյալ կհայտարարվի առաջիկայում: