ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։ Փառատոնային ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև արդի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում՝ համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։

Փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի է ունեցել Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչել է նաև Ալեքսանդր Աճեմյանի Տոնական նախերգանքը։ Ի նշանավորումն Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյա հոբելյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է կոմպոզիտորի 4-րդ սիմֆոնիան, որը տասնամյակներ շարունակ չէր հնչել հայկական բեմում։

Փառատոնի շրջանակում կայացել է նաև ժամանակակից հայտնի թավջութակահար Մարիո Բրունելլոյի մենահամերգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստն է և հայ հանդիսատեսին ներկայացրել է «Բախ-Վայնբերգ» համերգային ծրագիրը։

Փառատոնային ծրագրի հաջորդ համերգային ծրագրում հնչել են Գեղունի Չթչյանի «Բարի լույս» նախերգանքը, Արթուր Ահարոնյանի «Բալլադ Ջոնաթանի մասին» սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լևինգսթոն ճայը» գրական երկի հիման վրա։ Նվագախումբը ներկայացրել է նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Հնչել է նաև Մեչիսլավ Վայնբերգի Թավջութակի կոնցերտը, որը Հայաստանում կատարվել է առաջին անգամ (մենակատար՝ Մարիո Բրունելլո)։

Ժամանակակից երաժշտության փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 5-ին դիրիժոր՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Ֆերնանդո Օսկար Գաջին, մենակատար՝ Հեղինե Ռափյան (դաշնամուր)։

Փառատոնային մյուս համերգները տեղի կունենան մարտի 16-ին, 17-ին և 30-ին:

Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստն ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։

Ժամանակակից երաժշտության փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է GTB Holdings ընկերությունը։

Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով իրականացվում են հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված մի շարք աշխատանքներ՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրում, տեսագրում և միջազգային հարթակներում թողարկում, նոտաների թվայնացում և հրատարակում: