Երևանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների արդյունքները։
Անդրադառնալով առցանց տիրույթում երեխաների անվտանգությանը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ խնդիրը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում․ «Նոր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ ամենուրեք տեսախցիկներ են, միևնույն է՝ երեխաների անվտանգության հարցը շարունակում է մնալ արդիական, և երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու խիստ պահանջ կա։ Ներկայացված հետազոտության տվյալները մտահոգիչ են, և մենք պետք կարողանանք ճիշտ մոտեցումներ գտնել ռիսկերի նվազեցման և երեխաների առցանց անվտանգության ապահովման առումով։ Աշխարհում կան տարբեր փորձեր՝ համացանցի կամ սոցիալական ցանցերի մուտքի սահմանափակումների առումով. երեխայի տարիքից, զարգացման առանձնահատկություններից, ինքնակառավարման հմտություններից ելնելով՝ կարող են լինել տարբեր լուծումներ, ինչպես նաև ծնողական վերահսկողության որոշակի աստիճաններ: Ծնողական վերահսկողությունը, բնականաբար, պետք է տարիքի հետ նվազի, բայց դրան զուգընթաց՝ պետք է վստահ լինենք, որ երեխայի մոտ ձևավորված են կարողություններ և գիտելիքներ՝ առցանց միջավայրում ապահով և անվտանգ գործունեության համար»:
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ երեխայի թվային գրագիտության կարողությունների և հմտությունների ձևավորումը Հանրակրթության նոր չափորոշչի հստակ պահանջ է, և դպրոցում ուսուցանվող «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի նպատակն է ապահովել համապատասխան գիտելիքներ։ Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է նաև, որ այս ուսումնական տարին հայտարարված է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի․ «Ամեն ամիս մի ուղղությամբ իրականացնում ենք կանխարգելիչ գործողություններ, օրինակ՝ փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակարպվում։ Նոր չափորոշչի ներդրման շրջանակում երկրորդ դասարանից արդեն երեխաներն անցնում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որում ընդգրկված են մեդիագրագիտության, կիբերանվտանգության թեմաներ։ Միաժամանակ պետք է վստահություն ունենանք, որ ուսուցիչները ևս համապատասխան գիտելիքներ ունեն այդ ամենի մասին և կարող են երեխաներին ուսուցանել անվտանգության կանոնները և դրանց պրակտիկ կիրառման գործիքները»։
Արաքսիա Սվաջյանը համոզմունք է հայտնել, որ ծնողների շրջանում ևս մեծ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի նրանք կարողանան վերահսկել երեխաների գործողություններն առցանց միջավայրում:
«Անելիքները շատ են, և հուսով եմ, որ հետազոտությունը մեզ նաև կհուշի, թե որտեղ են թույլ կետերն ու ռիսկերը, որպեսզի այդ ուղղությամբ ավելի կենտրոնացված և թիրախային աշխատանք կատարենք։ Պետք է բոլոր ուժերը համախմբել և հասարակության բոլոր օղակների հետ աշխատել, որպեսզի թե՛ մեծահասակները, և թե երեխաներն ու պատանիներն առցանց միջավայրում պաշտպանված լինեն»,- նշել է նախարարի տեղակալը և ներկաներին մաղթել հետաքրքիր և արդյունավետ քննարկում:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին նշել է. «Այսօրվա երեխաներն ու դեռահասները մեծանում են թվային տեխնոլոգիաների միջավայրում, որը նրանց կյանքի անբաժան մասն է: Այդ տարածքում նրանք ստանում են տեղեկատվություն, ստեղծում ու պահպանում ընկերական կապեր և արտահայտում իրենց ստեղծագործ միտքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք բավական լայն և հաճախ առանց բավարար վերահսկողության հասանելիություն ունեն սոցիալական մեդիային։ Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն դեռևս մեծ աշխատանք կա անելու՝ ապահովելու, որ երեխաները լինեն անվտանգ առցանց միջավայրում։ Այս նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել օրենսդրության, քաղաքականությունների, չափորոշիչների և կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ համադրելով երեխայի իրավունքների պաշտպանությունը մասնագիտացված տեխնիկական փորձագիտության և միջազգային լավագույն փորձի հետ»:
Աշխատաժողովում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել է Disrupting Harm in Armenia (2025) [Վերջ տալ վնասին] ազգային հետազոտական նախագիծը և Kids Online: Risks and Opportunities [Երեխաները՝ առցանց. ռիսկեր և հնարավորություններ] որակական հետազոտությունը։
Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են վերը նշված հետազոտությունների փաստահեն տվյալները և Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ներկա իրադրությունը՝ հետագա քայլերի համար հիմնական ուղղություններն ու նախաձեռնությունները ձևավորելու նպատակով։