ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։ 1971-1972 թվականներին Երնջակյանի հիմնած ՈՒՀԱ-ի (Ուրախների և հնարամիտների ակումբ) թիմն առաջին անգամ ներկայացրել է Հայաստանը Մոսկվայում՝ մասնակցելով ՈՒՀԱ-ի համախորհրդային երկրների խաղերին։ 1982 թվականին նա հիմնել է Երևանի կամերային թատրոնը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը մինչ օրս։
Երնջակյանն ավելի քան քսան պիեսի, հինգ կինոսցենարի, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների չորսհատորյակում։ Նա բեմադրել է ավելի քան հիսուն ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։
Երնջակյանն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է նաև «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը, հիմնել է «Երկաթ TV Փրոդաքշն» հեռուստաընկերությունը։
Արա Երնջակյան արվեստագետի անունը վաղուց արդեն դասվում է հայ ժամանակակից թատրոնի երախտավորների շարքին։ Նրա հիմնադրած Երևանի կամերային պետական թատրոնը դարձել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որտեղ առանցքային են նորարարական մտածողությունն ու համարձակ արտահայտչամիջոցները: Որպես դրամատուրգ և ռեժիսոր՝ նա ձևավորել է բեմական մշակույթի նոր որակ, ստեղծել հիշվող կերպարներ և ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ սիրով ընդունվում են հանդիսատեսի կողմից։ Արա Երնջակյանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ ժամանակակից թատրոնի զարգացմանն ու արդիականացմանը՝ աջակցելով բազմաթիվ երիտասարդ արվեստագետների ։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է Արա երնջակյանին հոբելյանի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ոգեշնչումներ, քաջառողջություն և հանդիսատեսի շարունակվող ծափահարություններ: