Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչը:
Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը:
Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալները դարձյալ նվաճել են Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Անահիտ Սարգսյանը:
Հաղթողներին պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ ես այսօր արեցի այն, ինչը տարիներով երազել եմ: Շատ հպարտ եմ, որ պատվո հարթակին Հայաստանի երկու ներկայացուցչով ենք լինելու: Նախքան եզրափակիչը Գոհարին ասացի, որ ոսկե մեդալի համար պետք է միասին պայքարենք, և մենք արեցինք դա: Գոհարը շատ ուժեղ մարզիկ է. նրան պարտվելն էլ է պատիվ, իսկ հաղթելը՝ կրկնակի պատիվ: Քո հայրենիքում Եվրոպայի չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում: Սա մեզ շատ օգնեց»,- հաղթանակից հետո նշել է Լիլիթ Մկրտչյանը:
Այսօր ավելի վաղ հայտնի են դարձել պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը, որն որն աշխարհի ռեկորդ է սահմանել այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակը եզրափակել է Շվեդիայի ընտրանին (437.8 միավոր):
Կանանց օդամղիչ ատրճանակ 10 մ. մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը՝ 238.8 միավորով: Երկրորդ տեղում Սլովենիայի ներկայացուցիչ Մանյա Սլակն է՝ 238.2 միավորով , իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Կոստադինովան՝ 215.0 միավորով: Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:
Այս մրցաձևում հաղթողներին պարգևատրել են Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: