Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման նախնական հայեցակարգը, որը ներառում էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախնական պատկերացումներն ու տեսլականը։

«Դրանից հետո մեծ ծավալի աշխատանք է կատարվել, և այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հնարավոր է հայեցակարգը հաստատել ամբողջությամբ և լրամշակված խմբագրությամբ՝ ավելի հստակ և տեսանելի դարձնելով առաջիկա անելիքները»,- ասել է նախարարը՝ հանգամանալից ներկայացնելով կատարված աշխատանքը։

Նրա խոսքով՝ գերմանական ՋիԷմՓի ճարտարապետական կազմակերպության կողմից մշակվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը ՀՀ օրենսդրության համաձայն՝ նախ համալիր փորձաքննության է ներկայացվել, ապա հաստատվել։

«Գերմանական մեկ այլ խորհրդատվական կազմակերպություն ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակն է մշակել, որը հատկապես կարևոր է ռիսկերի կառավարման ամբողջական շտեմարանի ձևավորման և այս ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման տեսանկյունից։ Իտալական «Սիստեմատիկա» կազմակերպությունն իրականացրել է տրանսպորտի և շարժունակության ուսումնասիրությունը, իսկ «ԹՈՒՄ Ինթերնեյշնալ» կազմակերպությունը մշակել է տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և ակադեմիական քաղաքի կառավարման համակարգը։ Ավարտին է մոտենում ծրագրի ֆինանսական իրագործելիության, կենսունակության և ներդրումային հնարավորությունների վերլուծության աշխատանքը, որն առաջիկայում պատրաստ կլինի և հնարավորություն կտա ամբողջականացնելու ներդրումային փաթեթը»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ հեղինակավոր բուհերի հետ համագործակցությամբ աշխատանքներ են ընթանում նաև կրթական և արվեստի կլաստերների ձևավորման, բովանդակության և կառուցվածքի մշակման ուղղությամբ, միաժամանակ բանակցություններ են ընթանում դասական կլաստերի մշակման ուղղությամբ։

Ակադեմիական քաղաքի շրջանակում նաև տաղանդների զարգացման ծրագիրն է մեկնարկում, որի ընդունմամբ պետությունը տաղանդների բացահայտման և զարգացման հանձնառություն է ստանձնում՝ ապահովելով կրթության զարգացման ռազմավարությամբ ամրագրված գլխավոր առաքելության իրականացումը։

«Ակադեմիական քաղաքի հայեցակարգում նկարագրվում են նաև ծրագրի իրականացման ֆինանսական ռազմավարության մշակման և բյուջետավորման գործընթացները, որոնք կհստակեցնեն ներդրումային հնարավորությունները և մասնավոր հատվածի ընդգրկվածությունը։

Բուն շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականից։ Առաջին փուլում կկառուցվեն ուսանողական կացարաններ՝ նախատեսված մինչև 4250 ուսանողի համար։

Կիրականացվի նաև հանրային նշանակության մշակութային բազմաֆունկցիոնալ համերգասրահի և համաժողովների կենտրոնի կառուցումը, որի ընդհանուր ծավալը պլանավորված է ավելի քան 74 000 քառակուսի մետր։ Կմեկնարկի նաև 628 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տեխնոլոգիական կլաստերի կառուցումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ներկայում պատրաստվում են ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված մրցույթի փաթեթները։

Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է` արտացոլելով ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը, կլաստերների ընդհանուր մոդելը և նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները:

«Հայեցակարգը համալրվել է նաև նորացված ժամանակացույցով և փուլերի նկարագրով, որով հստակեցվում են ծրագրի իրագործման ակնկալիքները: Առանձին նկարագրված է նաև հաշվետվողականության համակարգը, որը միտված է երաշխավորելու ծրագրի իրականացման թափանցիկությունը և հանրային վստահությունը»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարը:

Նախորդ տարի մեկնարկել են նաև ակադեմիական քաղաքի տարածքի մաքրման աշխատանքները, որի առաջին փուլով մաքրվել է 2.7 հա տարածք` ազատելով այն շուրջ 10000 խմ աղբից, ինչը թույլ է տվել նախապատրաստվել ենթակառուցվածքների մշակման հետագա աշխատանքներին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին անդրադառնալով՝ նախարարը հավելել է նաև, որ ենթակառուցվածքային բաղադրիչի քննարկման նպատակով ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ․ «Գործընկերների հետ համաձայնեցրած ենթակառուցվածքային լուծումները ներառվել են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական փաթեթում, որը գտնվում է համալիր փորձաքննության և հաստատման փուլում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։