ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ։

Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կինոդպրոց առանց սահմանների կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և ծրագրի դասախոս Նարեկ Պետրոսյանը:

Կարևորելով նախագծի շարունակականությունը՝ Դանիել Դանիելյանը շեշտել է այս տարվա մարզային լայն ընդգրկվածությունն ու երիտասարդների հետաքրքրվածության աճը: Նախարարի տեղակալը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել դասընթացին դիմելու շարժառիթների և նպատակների մասին: Մասնակիցները ներկայացրել են կինեմատոգրաֆիայի և արվեստի մյուս ոլորտների վերաբերյալ իրենց փորձառությունը և տեղեկացվածությունը, պատմել ստեղծագործական առաջին քայլերի, սպասելիքների և առաջիկա նպատակների մասին։ Նրանք նշել են, որ իրենց հատկապես հետաքրքիր է կինեմատոգրաֆիայի ոլորտում կիրառվող արդի տեխնոլոգիաների, ԱԲ գործիքների վերաբերյալ հմտությունների ձեռքբերումը:

«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևում է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, քանի որ այս հարթակը մեծ հնարավորություն է ընձեռում կինոյի, երաժշտարվեստի, սցենարական գործի, թատերարվեստի, մշակույթի և ստեղծարար ոլորտներում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հետաքրքրվող երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ և փորձառություն։ Այս ծրագիրը լավ հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ապահովման առումով: Վստահ եմ, որ աշխատասիրությամբ և գիտելիքներն անընդհատ հարստացնելու ցանկությամբ հնարավոր է հասնել արդյունքի»,- դիմելով կինոդպրոցի մասնակիցներին՝ նշել է նախարարի տեղակալը։

Դանիել Դանիելյանը հաջողություն է մաղթել ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով երազանքների և նպատակների իրականացում:

Նշենք, որ «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրին մասնակցելու համար ստացվել է 177 հայտ։ Կինոարտադրության ոլորտի մասնագետների անցկացրած երկփուլ հարցազրույցի արդյունքում ծրագրին մասնակցելու հնարավորություն է տրվել 40 մասնակցի՝ Երևանից և մարզերից։

«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիներն ու երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող գիտելիքներ և գործնական հմտություններ։ Փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա և պրոդյուսերական գործ, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ գործիքներ) հիմունքներն ու կիրառման սկզբունքները՝ ներառյալ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծման հնարավորությունները։

Նախատեսվում են տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ավարտական համատեղ ֆիլմերի ստեղծում։ ԱԲ դասավանդումը կինոդպրոցում ներդրվել է արդեն երկրորդ տարին, որը նպաստել է հետաքրքրության և հայտերի աճին։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր։