ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցներ և Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ:

Հերթական չնախատեսված այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատությունների ուսումնական գործընթացների կազմակերպմանը, առկա խնդիրներին, հաստատությունների շենքային պայմաններին ու գույքային հագեցվածությանը:

Այցի առաջին կանգառը Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շրջել է դպրոցում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել աշակերտների հետ՝ 9-րդ դասարանցիներից հետաքրքրվելով՝ պատրաստվո՞ւմ են ավարտական քննություններին, թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանքի ձևաչափով են նախընտրում հանձնել և այլն: Նախարարի տեղակալին հետաքրքրել է նաև՝ ի՞նչ դժվարությունների են հանդիպում աշակերտները էսսե գրելիս: Արաքսիա Սվաջյանի խոսքով` նախագծային աշխատանքն ու էսսեն կարևոր են աշակերտների վերլուծական կարողությունները, քննադատական մտածողությունը ձևավորելու և զարգացնելու առումով, իսկ Տավուշի մարզի դպրոցներում այս ձևաչափերով գիտելիքի ստուգումն ավելի վաղ է ներդրվել՝ հաշվի առնելով, որ Հանրակրթության նոր չափորոշիչը նախ փորձարկվել է հենց Տավուշում։

Աշակերտների հետ զրույցում անդրադարձ է եղել նաև կրթությունն ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում շարունակելու հարցին. այս համատեքստում ընդգծվել է մասնագիտական կողմնորոշման խմբակի դերը:

Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցում նախարարի տեղակալը, մասնավորապես, հետաքրքրվել է առարկաների խորացված ուսումնասիրությամբ, մասնագիտության հարցում սովորողների կողմնորոշմամբ և միասնական քննությունների նախապատրաստական ընթացքով և ուսումնական գործընթացի այլ հարցերով: Անդրադարձ է կատարվել նաև նախագծային աշխատանքներին: Նախարարի տեղակալն առանձնակի շեշտել է նախագծային աշխատանքների բովանդակության կարևորությունը, ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները՝ որպես Հանրակրթության պետական չափորոշչի առանցք, ինչպես նաև տարբեր առարկաների ինտեգրման պարտադիր անհրաժեշտությունը:

Արաքսիա Սվաջյանի վերջին կանգառը Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջն էր, որտեղ նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատության շենքային պայմաններին, առաջնային խնդիրներին, զրուցել է սովորողների հետ, հետաքրքրվել նրանց հետագա անելիքներով, զբաղվածությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը դպրոցների և քոլեջի ղեկավարների հետ քննարկել է նաև դասապրոցեսի իրականացմանը, հաստատությունների արդյունավետ գործունեության ու մանկավարժական կադրերի մասնագիտական զարգացմանն առնչվող հարցեր: