Բելգիայի «Նարեկ» հայկական կրթամշակութային միության և Վենետիկի Կա'Ֆոսկարի համալսարանի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին իրականացվում է «Հայկական հետքը Վենետիկում» հայագիտական կրթական ծրագիրը։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 11-րդ խորհրդաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
Ծրագրի նպատակն է սփյուռքի հայ աշակերտներին հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու Վենետիկի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունը Եվրոպական առաջատար կրթական հաստատությունների հետ։
Բելգիայի հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտները ծրագրի շրջանակում այցելել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի և Մխիթարյան միաբանություն, Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև Կա'Ֆոսկարի համալսարան, որտեղ մասնակցել են թեմատիկ դասախոսությունների և կրթական հանդիպումների։
«Նարեկ» հայկական կրթամշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանն ընդգծել է ծրագրի շարունակականության կարևորությունը՝ այն դիտարկելով որպես կայուն համագործակցության և հայապահպանության արդյունավետ գործիք։ Կա' Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը հանդես է եկել «Հայերի Վենետիկը» թեմայով դասախոսությամբ՝ ընդգծելով հայկական համայնքի դերը քաղաքի մշակութային և գիտական զարգացման մեջ։
Ձևավորված արդյունավետ գործընկերությունը կարևոր հիմք է ծրագրի շարունակականության և հայագիտական կրթական նախաձեռնությունների ընդլայնման համար։