ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։
Փոփոխությունը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետմանը և զինվորական ծառայությանը։ Առաջարկվող փոփոխությամբ տարկետում ստացած և նշված բուհերում ուսումնառություն ստացող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել Հայաստանի Հանրապետությունում՝ Կառավարության սահմանած գերակա ոլորտում, որից հետո կազատվեն զինվորական ծառայությունից:
«Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում մի շարք աշխատանքային քննարկումներ են եղել, նախագիծը լրամշակվել է, ներկայացված առաջարկների զգալի մասն ընդունվել է, որոշներն էլ կարտացոլվեն օրենքի ընդունմանը հաջորդող ենթաօրենսդրական ակտերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ներկայացված առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են. բովանդակային փոփոխություններ նախագծում տեղի չեն ունեցել։
Նրա խոսքով՝ քննարկվող նախագծում տեխնիկապես տարանջատվել են զինվորական ծառայությունից ազատման և տարկետման հոդվածները, համապատասխան հոդվածում ազատման մասով կատարվել է խմբագրական փոփոխություն՝ թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Նախագծով ազատման հոդվածն առանձնացված է նաև անցումային դրույթներում։
«Երկամսյա ժամկետ է սահմանվել օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ սկսված են, և սիրով պատրաստ ենք քննարկել՝ հստակեցնելով բոլոր կարևոր դրույթները և մանրամասները»,- նշել է նախարարը։
Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում: