ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը:

Նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակեցվում և տարանջատվում են մաքսային ռեժիմները մշակութային արժեքների արտահանման, այդ թվում՝ ժամանակավոր արտահանման դեպքում:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է դաշտը կարգավորելու, ավելի հասցեական մոտեցումներ ունենալու նպատակով: Միևնույն ժամանակ, դրանով լուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակում սահմանված կանոններին և ձևաչափերին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու խնդիրը: Նախագիծը համապատասխան կարգով շրջանառված է»,- ասել է նախարարը:

Նա ներկայացրել է գործող օրենքի բովանդակությունը, որը սահմանում է մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի հետ կապված հարաբերությունները՝ եզրակացության կամ թույլատրող փաստաթուղթ տրամադրելու մասին, սակայն բավարար չէ ամբողջ դաշտը ծածկելու և հնարավոր դեպքերը կարգավորելու տեսանկյունից։ Նախատեսվող փոփոխություններով օրենքում ներառվել են մի շարք եզրույթներ՝ մշակութային արժեքների արտահանման լիցենզիա, մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն, հանքագիտության և հնէաբանության հավաքածուների կամ առարկաների արտահանման լիցենզիա և այլն, որոնք հնարավոր են դարձնում ավելի ճկուն և ավելի տարանջատված քաղաքականություն իրականացնել մշակութային արժեքների արտահանման դեպքերում: «Փոխվել է նաև տուրքի չափը, մասնավորապես, գործող օրենքում տուրքի չափը բազային տուրքի հնգապատիկն է: Առաջարկվում է մեկ մշակութային արժեքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով տուրք կիրառել, երկու և ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով: Միաժամանակ կրկնօրինակների պարագայում տուրքի չափը պահպանվել է բազային տուրքի եռապատիկի չափով՝ ինչպես նախկինում էր։ Նոր խմբագրություն է սահմանվել նաև տուրքի վճարման արտոնություն ունեցող խմբերին վերաբերող հոդվածում»:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ գործում է նաև մշակութային արժեքների արտահանման և ներմուծման առանձին օրենք, իսկ քննարկվող նախագծով կարգավորվում են մաքսային ռեժիմների հետ կապված հարաբերությունները և տուրքերի չափերը՝ հստակեցնելով վարչարարությունը:

Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում: