ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրներից մեկի, հետ գործընկերության խորացմամբ՝ հատկապես գիտական, հետազոտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

«Մենք պատրաստակամ ենք քննարկելու և իրագործելու Հայաստան-Գերմանիա կրթական և գիտական համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման, ակադեմիական համագործակցության նախագծեր իրականացնելու հնարավորությունները՝ ստեղծելով կայուն հարթակ երկկողմ հարաբերությունների խորացման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ ընդգծելով բարձրագույն կրթության, գիտության միջազգայնացման առաջնահերթությունը, ինչպես նաև բուհերի վարկանիշային համակարգում ավելի բարձր արդյունքներ գրանցելու նպատակով համատեղ միջոցառումների անցկացման կարևորությունը:

DAAD-ի ղեկավար Սիլվիա Շմիդթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համատեղ ջանքերով Հայաստանում գերմանագիտության զարգացումը՝ սկսած դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցումից մինչև մագիստրոսական, հետազոտական ծրագրերի իրականացում:

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Ագրարային համալսարանում DAAD-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրին, Արևելյան գործընկերության շրջանակում մի շարք բուհերի հետ համագործակցությամբ գերմանագիտության զարգացմանն ուղղված նախագծերին:

Առանձնակի շեշտվել են ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում փոխգործակցության խորացման հնարավորությունները՝ տարբեր ուղղությունների մասնագետների ներգրավմամբ: Քննարկվել են կրթաթոշակային տեղերի տրամադրման հնարավորությունները, դասավանդողների մասնագիտական վերապատրաստման, դասընթացների անցկացման ձևաչափերը:

Արթուր Մարտիրոսյանը պաշտոնյային է ներկայացրել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մանրամասները, դրա շրջանակում գերմանական կողմի հետ նախատեսվող համագործակցային շրջանակը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: