Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում:
Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:
Հայ մարզիկներին պարգևատրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.21մ արդյունք և միջազգային ասպարեզում անձնական ռեկորդ է սահմանել՝ լրացնելով սպորտի վարպետի նորման:
Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը մասնակցել են նաև վազորդներ Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությոնյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը: Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, որն օրերս արծաթե մեդալակիր է դարձել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, սակայն վատառողջ լինելու պատճառով Աղասյանը բաց է թողել Բելգրադում անցկացված առաջնությունը: