Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում մեկնարկել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA եռօրյա վերապատրաստման ծրագիրը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների և ղեկավարների համար: Ծրագիրը կանցկացվի փետրվարի 23-25-ը:

Վերապատրաստման դասընթացի մեկնարկին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամին ծրագրի իրականացման համար՝ նշելով, որ կառույցի հետ երկարատև և կայուն գործընկերություն է ձևավորվել. հիմնադրամը ՄԿՈՒ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի ծրագրեր է իրականացնում․

«Քննարկումների ժամանակ առաջարկվեց քոլեջների համար ձևավորող գնահատման վերաբերյալ դասընթաց իրականացնել, քանի որ ժամանակակից մանկավարժության մեջ ձևավորող գնահատումն ունի իր ուրույն տեղը և անգնահատելի նշանակությունը թե՛ սովորողի, և թե՛ դասավանդողի տեսակետից: Եթե հանրակրթության ոլորտում Հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում արդեն շուրջ երեք տարի ներդրված է ձևավորող գնահատումը, ապա մասնագիտական կրթության ոլորտում այս մոտեցումը շատ ավելի ուշ է ներդրվել: Կարևոր է, որ դասընթացին տարբեր քոլեջների ներկայացուցիչներ են մասնակցում, որոնց հրավիրված փորձագետները և դասավանդողները կներկայացնեն FormA գործիքը»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով ձևավորող գնահատման արդյունավետությունը սովորողների մոտիվացիան բարձրացնելու տեսանկյունից։

Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ կրթական համակարգի գնահատման սկզբունքը հիմնվել է «ինչ չգիտի սովորողը» մոտեցման վրա, իսկ ձևավորող գնահատման հիմքում ընդհակառակը՝ «ինչ գիտի սովորողը» մոտեցումն է․ «Այս մոտեցումը միտված է ուսուցման գործընթացում արձանագրված բացերի լրացմանը և սովորողին ընձեռում է ոչ միայն իր ձեռքբերումները և առաջընթացը ցույց տալու հնարավորություն, այլև դրական է ազդում սովորելու մոտիվացիայի վրա»:

Վստահություն հայտնելով, որ դասընթացը կլինի հագեցած և հետաքրքիր՝ նախարարի տեղակալը նշել է, որ այն դեռևս չի կարող համարվել վերապատրաստողների վերապատրաստում։ Նա հույս է հայտնել, որ այս գործընթացում ներգրավված դասավանդողներն աստիճանաբար կգեներացնեն նաև տեղական վերապատրաստողների ռեսուրսը՝ ընդլայնելով ձևավորող գնահատման ներդրումը ՄԿՈՒ համակարգում։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) Մարդկային կապիտալի զարգացման ավագ փորձագետ, նորարարական դասավանդման և ուսուցման համակարգող Օլենա Բեխը, Մարդկային կապիտալի զարգացման փորձագետ Թամար Կիտաշվիլին, ձևավորող գնահատման փորձագետ-վերապատրաստող Աննա Ալեքսանյանը:

Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA գործիքը կարող է կիրառվել մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում․ այն առաջարկում է չափորոշիչների, չափանիշների և գործնական միջոցների կառուցվածքային շրջանակ, որն աջակցում է դասավանդողներին, հաստատություններին և համակարգերին՝ ախտորոշել իրենց ընթացիկ պրակտիկան և ծրագրել առաջընթացը ձևավորող գնահատման ուղղությամբ։

Գործիքը թույլ է տալիս տեսանելի դարձնել ուսուցման նպատակներն ու հաջողության չափորոշիչները, կրթության ընթացքում ստանալ հետադարձ կապ՝ ներգրավելով սովորողներին խմբակային և ինքնուրույն աշխատանքների միջոցով։