ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2026 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ անցկացված կազմկոմիտեի նիստում հաստատվել են օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող «Սոլֆեջո» առարկայի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը:

Օլիմպիադան այս տարի կանցկացվի հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 5-ամյա և 7-ամյա կրթությամբ 2025-2026 ուսումնական տարվա ավարտական դասարանցիների շրջանում:

Օլիմպիադայի շրջանակում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կանցկացվի «Սոլֆեջո» առարկայի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթ, որի հաղթողը կստանա դրամական պարգև:

ՀՀ-ում գործում է արտադպրոցական նախամասնագիտական կրթություն իրականացնող շուրջ 170 հաստատություն (երաժշտական և արվեստի դպրոցներ), որոնք կարևոր դերակատարություն ունեն մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության, մանուկների և պատանիների բազմակողմանի զարգացման, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտման հարցում:

Օլիմպիադայի նպատակն է բացահայտել և խրախուսել երաժշտական և արվեստի դպրոցների սաներին, զարգացնել նրանց երաժշտալսողական ունակությունները, տեսական գիտելիքը և ստեղծագործական մտածողությունը։ Այն միտված է «Սոլֆեջո» առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, մասնագիտական կրթության որակի ամրապնդմանը և հանրապետության տարբեր մարզերի ու Երևանի ուսումնական հաստատությունների միջև ստեղծագործական համագործակցության խթանմանը։

2025 թվականին օլիմպիադային մասնակցել է հանրապետության 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 աշակերտ, որոնցից 16-ն արժանացել է մրցանակների (8 աշակերտ՝ դափնեկրի կոչման, 3-ը՝ 3-րդ կարգի, 3-ը՝ 2-րդ կարգի և 2-ը՝ 1-ին կարգի մրցանակների):

Օլիմպիադայի անցկացման կանոնակարգը, մեթոդական կարգ, մասնակցության պայմանները, ժամանակացույցը, հայտաձևը, ուղեցույց 5-ամյա, ուղեցույց 7-ամյա, բողոքարկման ձևը կցվում են: