ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։
Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․
- առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
- տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:
Գործուղվող անձը պետք է բավարարի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այսինքն՝ պետք է ունենա ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, ինչպես նաև Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում կատարի նշում՝ հայտնելով իր համաձայնությունը գործուղվելու և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) վերաբերյալ։ Հավակնորդը նաև համակարգում պետք է վերբեռնի իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից։
ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները։
Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում որոշում է կայացվում 5 տարի ժամկետով տվյալ հավակնորդի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։